Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին
Տնտեսություն
15:34 06/10/2017
Հայաստան

Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերոիթյան և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, Նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների բովանդակալից երկխոսության ու անմիջական շփման հարթակ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են նման միջոցառումների պարբերական անցկացումը, ինչը, նրանց կարծիքով, թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը և քայլեր ձեռնարկել դրանք լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին:

Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Մանտուրովի այցը նոր խթան կհաղորդի ռուսաստանյան և հայկական արդյունաբերողների միջև փոխգործակցությանը, կոոպերացիաների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, որոնց հնարավորությունները մեծանում են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ:

 

Placeholder
Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին