ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung»-ի հետ համագործակցության հնարավորությունը
Կրթություն, գիտություն
16:47 06/10/2017
Հայաստան

ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung»-ի հետ համագործակցության հնարավորությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով  կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է»,- այս մասին նշել է ՀՀ կրթության  և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր «Samsung»  ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Նախարարի խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն   աշխատանքներ է տանում տեսադասերի կազմակերպման մեթոդական մոտեցումների ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գյուղական դպրոցներում կրթության որակի ապահովման անհրաժեշտության, աշակերտներին սովորելու հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է  հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ: Այդ առումով, ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung» -ի նման միջազգային կորպորացիայի հետ  համագործակցության հնարավորությունը:

Իր հերթին «Samsung»-ի փոխնախագահ Սիկ Չոյը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը՝ իրենց կորպորացիայի կողմից մշակված պլանշետների էլեկտրոնային կրթական բովանդակության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր իրականացնելու հեռանկարի հետ կապված մի շարք հարցեր:

 

Placeholder