ԱԺ նախագահ. Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ
Քաղաքական
16:02 06/10/2017
Հայաստան

ԱԺ նախագահ. Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ

«Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,-այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, մարդն է բարձրագույն արժեքը, և մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարևոր են Հայաստանի  համար:

«Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետևաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,-ասել է նա:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Ա. Բաբլոյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման և կայացման գործում: Հայաստանում առաջին վերկանգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը:

Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարևան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով:

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սքոթ Ուիլքը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար և ներկայացրել պատվիրակության անդամներին, որոնցից շատերը ազգությամբ հայ են:

Placeholder
ԱԺ նախագահ. Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ