Իրանում բացվելու է «Հայաստան-Իրան. hողի հիշողություն» ցուցահանդեսը
Մշակույթ
20:09 05/10/2017
Հայաստան

Իրանում բացվելու է «Հայաստան-Իրան. hողի հիշողություն» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 17-ին Իրանի Ազգային թանգարանում բացվելու է «Հայաստան-Իրան. hողի հիշողություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է Հայաստանի  Պատմության թանգարանից տարված 100 հնագիտական իր: Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ ցուցանմուշերը՝ արձանիկներ, վահաններ, սաղավարտներ, գոտիներ, թասեր, սափորներ, արձանագրություններ,  վերաբերում են մ.թ.ա.3-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա 1-ին դարին, շեշտը դրված է ուրարտական  հատվածի վրա:

Նա նշեց, որ ցուցանմուշներն ընտրել են իրենք, այնուհետև քննարկել իրանական կողմի հետ:

«Նույն ցուցահանդեսում միաժամանակ ցուցադրվելու է նաև հենց Իրանի ազգային թանգարանում պահվող 100 ցուցանմուշ: Իրանում էլ ուրարտական հնավայրեր կան, իրենք էլ իրենց են զուգահեռ ցուցադրելու: Սրանով է հետաքրքրի այս ցուցահանդեսը»,- ասաց  Հայաստանի Պատմության թանգարանի տնօրենը:

Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում էլ նմանատիպ ցուցահանդես կազմակերպվի, Գ. Գրիգորյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ոչ:  Հնարավոր է: Կլինեն ծրագրեր: Ի սկզբանե մտածված էր, որ մենք Իրանում ներկայացնենք միայն մեր աշխատանքները,  հետո իրենք էլ իրենցը բերեն մեզ մոտ:
Բայց  իրանական թանգարանի տնօրենն առաջարկեց, որ մեկտեղենք, զուգահեռ ցուցադրենք այս ամբողջը: Ես համաձայնվեցի, որովհետև այսպես ավելի է հարստանում ցուցահանդեսը»:

Ցուցահանդեսի բացման մասնակցելու համար Գրիգոր Գրիգորյանը մեկնելու է Իրան: Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 17-ը:

Այն կազմակերպվում է 2016 թ. Հայաստանի և Իրանի միջև մշակույթի ոլորտում  կնքված համագործակցության հուշագրի շրջանակում:

Placeholder
Իրանում բացվելու է «Հայաստան-Իրան. hողի հիշողություն» ցուցահանդեսը