Մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, ես շուտ հանձնվողներից չեմ. Տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է
Հասարակություն
12:05 14/10/2017
Հայաստան

Մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, ես շուտ հանձնվողներից չեմ. Տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 321-րդ տանկի անմահ հերոս, գյումրեցի Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է: Տիգրանը կդառնար 21 տարեկան: 

«Կյանքով լեցուն, հումորով, տունն ուրախություն բերող»,- այսպես է որդուն բնութագրում հերոսի մայրը՝  Գոհար Աբգարյանը:

Մոր խոսքերով՝  Տիգրանը միշտ ցանկանում էր հաղթող լինել: Մանկուց աչքի է ընկել դրական կողմերով,  ծառայության ժամանակ էլ՝  քաջությամբ և մարտունակությամբ։ ԼՂՀ տանկային բիաթլոնի մրցույթում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Տիգրանը փոքր հասակից սիրել է մեքենա վարել: Տարիների ընթացքում հմտացել է, երազել ամենագնաց ունենալու մասին: Սպասում էր բանակից վերադառնալ, աշխատել ու երազանքի ավտոմեքենան գներ:

Մայրն ամեն օր հիշում է որդու  հետ կապված ամեն մի դրվագ, հիշում՝ ինչպես էր որդին իրեն ամուր-ամուր գրկում. մինչ հիմա էլ մայրն այդ ձեռքերի ուժը զգում է. «Դեկտեմբերի 12-ին չորս օրով տուն եկավ, անակնկալ էր արել: Այդ ժամանակ էլ ամուր գրկեց ու լացեց, երևի զգաց, որ վերջին անգամ էր ….»,- Հանրային հեռուստաընկերության տվածը հարցազրույցում պատմել է տիկին Գոհարը:

Նրա խոսքերով՝ ամեն օր նայում է որդու նկարներին ու հետը խոսում. «Միշտ ասում էր՝ մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, դու լավ գիտես, որ ես շուտ հանձնվողներից չեմ: Իր այդ խոսքերը ինձ հույս կտան, որ կվերադառնա»: 

Այսօր բոլորն են հիշում 321-րդ տանկի անմահ հերոսներին: Ապրիլի ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմը՝ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը և Վլադիմիր Ալիխանյանը, երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ: Հակառակորդի կողմից գրավված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստները դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով  խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել: 

Կապավոր Ալբերտ Հովհաննիսյանը շատ լավ է հիշում այդ օրը:  Panorama.am-ի հետ զրույցում  պատմել է ապրիլյան պատերազմի ժամանակ երեք տանկիստների սխրանքի մասին: Ալբերտի խոսքերով՝  Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի «դուխը» մյուսներին էր փոխանցվել. «Մոնթեն անընդհատ ուզում  էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե էսպես մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդը օրը Մոնթեն իր տանկով նորից  բարձրացավ այդ դիրքը, սկզբում նշան բռնեց, որ կրակի, բայց չկրակեց: Հակառակորդն այդ դիրքում իր դրոշն էր դրել, տանկիստներն առաջ գնացին, տանկով բարձրացան  դրոշի վրա, հողին հավասարացրեցին ու հետ եկան: Երբ հարցրեցինք, թե ինչի չխփեցիր, պատասխանեց՝ դիրքին մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կկպնեմ: Հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի հետ առաջ է գնում: Իմ ընկերները հետ չեկան…Նրանց տանկի  խոցվելուց հետո աննկարագրելի ցավ էի ապրում, կորցրել էինք՝ Մոնթեին, Տիկոյին ու Դիլոյին՝ Վլադիմիրին: Պատերազմը դաժան բան է»:

Նրանց զոհվելուց օրեր անց՝ ապրիլի 10-ին, Գյումրու ծննդատանը 2 կիլոգրամ 900 գրամ քաշով ծնված տղային՝ ի պատիվ գյումրեցի հերոսի՝ տանկիստ Տիգրան Աբգարյանի, անվանեցին Տիգրան:

Տիգրանը զոհվեց հայրենիքի  համար, որ բազում այլ Տիգրաններ ծնվեն ու ապրեն խաղաղ ու ապահով երկրում:

Նշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից են՝ Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:

Լուսանկարները՝ Տիգրան Աբգարյանի եղբոր ֆեյսբուքյան էջից:

Placeholder
Մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, ես շուտ հանձնվողներից չեմ. Տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է