Բաքուն ձգտում է ԼՂ խնդրին հաղորդել միջէթնիկական և միջկրոնական բնույթ. Բաբլոյան
Քաղաքական
15:05 16/10/2017
Հայաստան

Բաքուն ձգտում է ԼՂ խնդրին հաղորդել միջէթնիկական և միջկրոնական բնույթ. Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին և հանդես եկել ելույթով: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ներկայացնում են ելույթն ամբողջությամբ։

«Հարգելի նախագահող,
հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,

կցանկանայի առաջին հերթին շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին հյուրընկալության և Միջխորհրդարանական միության վեհաժողովի գերազանց կազմակերպման համար:

Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից ելույթ ունենալ և ներկայացնել այն հարցերի տեսլականը, որոնք վերաբերում են մեզ բոլորիս:
Միջմշակութային բազմազանության առաջխաղացումը միջկրոնական և ազգամիջյան երկխոսության միջոցով կարևորագույն նախադրյալ է ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար:

Լինելով առաջին քրիստոնյա երկիրն աշխարհում, գտնվելով տարբեր մշակույթների և կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ յուրահատուկ հնարավորություն է ունեցել հաղորդակցվելու բազմաթիվ քաղաքակրթությունների հետ:  Այս փոխգործակցության շնորհիվ Հայաստանում են գտնվում հելլենիստական դարաշրջանի հնագույն տաճարը, բազմաթիվ հին եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանոցը և 18-րդ դարի յուրօրինակ մզկիթը: Շուտով Հայաստանում կավարտվի աշխարհում ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը:
Միջմշակութային այս կապերը գոյություն ունեն այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի շնորհիվ:

Վերջերս կարևոր քայլ կատարվեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Ըստ նոր Ընտրական օրենսգրքի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` քրդերը, ռուսները, եզդիները և ասորիները, ստացան երկրի խորհրդարանի պատգամավորի մանդատներ:
Այսօր մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Նրանք, որոնց հաջողվեց վերապրել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, ցրվեցին աշխարհով մեկ: Այնտեղ, որտեղ մեր հայրենակիցները գտան իրենց նոր տունը, կազմակերպեցին կենսունակ, լիարժեք ինտեգրված համայնքներ՝ միաժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Մեզ համար միշտ հաճելի է լսել հայկական սփյուռքի ավանդի մասին, որը նպաստում է աշխարհի շատ երկրների զարգացմանը:

Այսօր մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում հայերի և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ճակատագրով: Տարածաշրջանում ահաբեկիչների կողմից ազգային և կրոնական հիմքով իրականացվող հանցագործությունները չեն խնայում մեր հայրենակիցներին՝ հայերին, ովքեր անհիշելի ժամանակներից Մերձավոր Արևելքի բազմազգ, բազմամշակույթ ներկապնակի անբաժանելի մասն են: Հայաստանը միայն Սիրիայից ընդունել է ավելի քան քսան հազար փախստական՝ դրանով իսկ դառնալով Սիրիայի փախստականներին ընդունած՝ ըստ բնակչության թվի հաշվարկի Եվրոպայի երրորդ երկիրը:

Մենք փորձում ենք նաև օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում՝ ապահովելով մարդասիրական օգնության առաքում:

Սիրիայի ճգնաժամը սրել է հակասությունները Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս: Մենք տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ դրա սկզբնապատճառների, զարգացման կամ լուծման ուղիների վերաբերյալ, բայց մենք պետք է մարդասիրական հարցերի առնչությամբ հավատարիմ մնանք միասնական դիրքորոշմանը: Տուժած համայնքների պաշտպանությանը և վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ գոյություն ունեցող հակասություններից:

Խոսելով միջմշակութային բազմակարծության և խաղաղության զարգացման, քաղաքակրթությունների ու մշակույթների միջև երկխոսության, նրանց միջև փոխգործակցության մասին՝ հիշում ենք այնպիսի էական անփոխարինելի հասկացություններ, ինչպիսիք են բազմազանությունը և համերաշխությունը, որոնք փոխկապակցված լինելով՝ կարող են առաջ մղել միմյանց:

Պատմության ողջ ընթացքում բռնությունը ջնջել է երկրագնդի երեսից շատ քաղաքակրթություններ և իրենց բնօրրաններում ոչնչացրել եզակի մշակութային շերտեր: Այլ մշակույթների ոչնչացման գաղափարները չէին լինի իրագործելի, եթե անհանդուրժողականությունը և ատելությունը բազմազանության նկատմամբ այլատյաց միջավայրերում չգտնեին պարարտ հող: Ցավոք, այսօր մենք շարունակում ենք ականատեսը լինել տարբեր երկրներում քրիստոնեական, բուդդիստական և իսլամական հուշարձանների ոչնչացմանը: Վերջերս Սիրիայում ահաբեկիչների կողմից պայթեցվել է 15-րդ դարի Քառասուն նահատակների հայկական եկեղեցին:

Իրավիճակը սարսափելի է նաև հարևան Ադրբեջանում, ուր ոչնչացվել է հայկական մշակութային և հոգևոր յուրահատուկ ժառանգությունը, ավերվել են բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ, եզակի խաչքարեր և այլ սրբավայրեր:

Համանման իրավիճակ է տիրում նաև Թուրքիայում, որտեղ բազմադարյա հայ ժառանգությունը համակարգված և հետևողականորեն ավերվել է:

Հարգելի գործընկերներ,
այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունը, որն իրականացվում է մի շարք երկրների կողմից, շարունակում է խոչընդոտել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Մեկն այդ երկրներից Ադրբեջանն է, որը փոխանակ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընտրել է ուժի լեզուն՝ ռազմատենչ և այլատյաց հռետորաբանությունը:

Բաքուն մերժում է միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկները, հրաժարվում է իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ իր երկրում հրահրելով հակահայկական հիստերիա և ամեն կերպ ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաղորդել միջէթնիկական և միջկրոնական բնույթ, որը որևէ տեղ չի տանում: Սակայն, հակամարտության էությունը բոլորովին այլ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտման մեջ է:

Մահաթմա Գանդին ասել է. «Անհանդուրժողականությունն ինքնին բռնության ձև է և խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգու աճին»:

Հանդուրժողականությունը, ուրիշների ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ժողովուրդների ներդաշնակ և խաղաղ համակեցության և զարգացման նախադրյալներից են»։

Placeholder
Բաքուն ձգտում է ԼՂ խնդրին հաղորդել միջէթնիկական և միջկրոնական բնույթ. Բաբլոյան