Վարչապետ. Կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել
Տնտեսություն
11:50 17/10/2017
Հայաստան

Վարչապետ. Կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել

Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները: Հայեցակարով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն: Լոռու մարզպետարանում հայեցակարգը ներկայացրել են Վանաձոր այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը:

Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հայեցակարգը մշակած թիմին և առաջարկել Վանաձորի ղեկավարներին նշանակել կոնկրետ պատասխանատու, ով մշտական կապի մեջ կլինի ռազմավարության հեղինակների հետ:

«Մենք այս հայեցակարգի ու քաղաքի զարգացման մաստեր պլանի հիման վրա պետք է Վանաձորում իրականացնենք հստակ ծրագրեր, քայլեր՝ հասկանալով մեր նպատակն ու ունենալով ընդհանուր տեսլական: Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, և մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Վարչապետը քաղաքային իշխանություններից պահանջել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բարեկարգման, սանմաքրման, չգործող օբյեկտների պայմանագրերի վերանայման, աղբահանության և մյուս խնդիրները:

 

Placeholder
Վարչապետ. Կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել