Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա
Քաղաքական
11:16 17/10/2017
Հայաստան

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա

Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունն այսօր ներկայացրեցին Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները:
2015-2017 թվականներին «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում են դատական բարեփոխումներին, բանտային համակարգի կայացմանը, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարմանը, ինչպես նաև փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարին:

Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստան-ԵՄ ստորագրվելիք նոր համաձայնագիրը կնպաստի ծրագրերի շարունակական լինելուն:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը իր հերթին նշեց, որ Եվրամիությունը մշտապես օժանդակել է հայ բանտարկյալների վիճակի բարելավման ծրագրերին, ինչպես նաև նոր բանտերի կառուցմանը: «Բացի այդ, ԵՄ-ն լուրջ պայքար է իրականացրել և իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց նա:

ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանն էլ շեշտեց, որ հայստանյան գերատեսչությունները մեծապես գնահատում են ԵՄ ծրագրերը: Դրանց արդյունքները տեսանելի են, շոշափելի և նպաստում են միջազգային լավագույն փորձի կիրառմանը: Նա Հույս հայտնեց, որ արդյունավետ գործակցությունը կշարունակվի նաև ապագայում:

Քննարկմանը ներկա ԵԽ ծրագրային համակարգման բաժնի ղեկավար Տանյա վան Դիկը տեղեկացրեց, որ  ԵՄ-ն և ԵԽ-ն ՀՀ իշխանությունների հետ համատեղ իրականացրած ծրագրերի շրջանակում այս տարի մի քանի քրեակատարողական հիմնարկների  բժշկական սարքեր են տրամադրվել,  ինչի շնորհիվ հնարավոր է դարձել բանտարկյալներին որակյալ բուժօգնություն ցուցաբերել հենց ազատազրկման վայրում: Բացի այդ վերապատրաստվել են հարյուրավոր աշխատակիցներ:

Placeholder
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա