Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ
Տնտեսություն
14:17 18/10/2017
Հայաստան

Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ

«Գնագոյացման վրա ազդում է բազմաթիվ, բազմապիսի գործոններ, տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները կարող են այդ բազմաթիվ գործոններից ընդամենը մեկը լինել»,- Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նշեց, որ այդ տեսանկյունից իրենց տեսադաշտում են այն շուկաները, որտեղ կա  կենտրոնացվածության բարձր աստիճան, կան խոշոր ընկերություններ, որոնք հնարավոր է, օգտվելով իրենց մրցակցային առավելությունից, չարաշահումներ իրականացնեն: 

Ա. Շաբոյանի խոսքով, իրենց ուշադրության կենտրոնում են կարագի և բենզինի շուկաները: 
Խոսելով կարագի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ կարագի գներն այս տարեսկզբից մինչև հիմա բարձրացել է շուրջ 35 տոկոսով, այնուհանդերձ  այդ բարձրացումն  ավելի վաղ էր սկսվել՝ անցած տարվա սեպտեմբերից: 

«Եթե անցած տարվա սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով»,- հավելեց նա:

Ա. Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրել են ներկրող ընկերությունների փաստաթղթերը՝ պարզելու, արդյոք բարձրացումը հիմնավորված է, թե ոչ: Հանձնաժողովը ուսումնասիրել է կարագի ոլորտում խոշոր ընկերության՝ «Ալեքս գրիգ»-ի ձեռքբերման փաստաթղթերը. «Համաձայն մեր ուսումնասիրությունների, ձեռքբերման փաստաթղթերով կարագի գները շուրջ 87 տոկոսով են թանկացել»:

Նա տեղեկացրեց, որ միջազգային շուկայում  գներն անցած տարվա մայիսից  բարձրացել են  126 տոկոսով:

«Այսինքն՝ գնային բարձրացումը օբյեկտիվ է և պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Placeholder
Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ