Հայաստանի բուհերում կներառվեն «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները
Կրթություն, գիտություն
14:04 19/10/2017
Հայաստան

Հայաստանի բուհերում կներառվեն «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում կատարված փոփոխությունները: Փոփոխությունների համաձայն՝  կավելանան «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտություններն ունեն բավական բարձր վարկանիշ: Կառավարության հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը («Դատական փորձաքննություն»), ինչպես նաև նորարարությանը և ստեղծարարությանը («Մեխատրոնիկա»), ինչը ժամանակի հրամայականն է:

«Դատական փորձաքննություն»-ը գործելու է որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ, իսկ «Մեխատրոնիկա» մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը:

 

Placeholder
Հայաստանի բուհերում կներառվեն «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները