Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը տարեկան հասնում է 3912-ի
Առողջություն
10:16 20/10/2017
Հայաստան

Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը տարեկան հասնում է 3912-ի

Միջազգային oստեոպորոզի hիմնադրամը (IOF), 240 ազգային անդամ-երկիր և աշխարհի ավելի քան 90 երկրում գործող օստեոպորոզի ասոցիացիաներն ամեն տարի հոկտեմբերի 20-ին նշում են Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կազմակերպիչների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հիվանդության կանխարգելման վերաբերյալ։ Այս տարի օրվա խորհուրդն ու կարգախոսն է. «Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան»:

Օստեոպորոզի հետևանքով ոսկրերը դառնում են թույլ, փխրուն և հեշտությամբ կոտրվում են։ Նույնիսկ աննշան անկումը կամ հանկարծակի շարժումը կարող է բերել կոտրվածքի:

Օստեոպորոզից առաջացած կոտրվածքները կարող են կյանքին սպառնացող լինել, նաև դառնալ ցավերի ու երկարատև հաշմանդամության պատճառ: Քանի որ օստեոպորոզն ընթանում է առանց ախտանշանների,  խնդիր ունեցողները ժամանակին չեն դիմում բժշկի, և հիվանդության մասին իմանում են կոտրվածքներ ստանալուց հետո։

Աշխարհում 50 տարեկանից բարձր երեք կնոջից և հինգ տղամարդուց մեկն ունենում է  օստեոպորոտիկ կոտրվածք: 75 միլիոն մարդ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում հիվանդ է օստեոպորոզով:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը (ոչ ողնաշարային) տարեկան հասնում է 3912-ի: 50 տարեկանից բարձր 100000 բնակչի շրջանում կոնքազդրի կոտրվածքների թիվը հասել է տղամարդկանց մոտ 136-ի և կանանց մոտ 201-ի:

Օստեոպորոզը կանխելու, ուժեղ ոսկրեր կառուցելու և կոտրվածքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.

1. Կատարել պարբերական մարզանքներ
Նախընտրելի են քաշով, մկանները ուժեղացնող և հավասարակշռության վարժությունները։

2. Սննդում ապահովել ոսկրային առողջության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները` կալցիում, վիտամին D և սպիտակուց: Արևը վիտամին D-ի հիմնական աղբյուրն է:

3. Խուսափել բացասական սովորություններից` ծխելուց  և ալկոհոլ օգտգործելուց, պահպանել մարմնի օպտիմալ քաշը:

4. Պարզել, արդյոք ունեք ռիսկային գործոններ և դրանց մասին տեղեկացրել բժշկին, հատկապես, եթե դուք նախկինում ունեցել եք կոտրվածքներ, հիվանդություններ կամ ընդունել դեղեր, որոնք ազդում են ոսկրային առողջության վրա:

5. Ախտորոշվել և սկսել բուժումը: Եթե ունեք օստեոպորոզի բարձր ռիսկ, ապա պետք է սկսել դեղորայքային բուժում բժշկի հսկման տակ:


 

Placeholder
Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը տարեկան հասնում է 3912-ի