Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինն ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից. Աշոտ Մանուկյան
Տնտեսություն
16:50 20/10/2017
Հայաստան

Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինն ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից. Աշոտ Մանուկյան

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ  Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանից գազ գնելու հնարավորություններին՝ նշեց, Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, և շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է:

«Այլընտրանքի  խնդիր մենք չունենք: Կա շուկա, որն առաջարկում է պայմաններ, մենք էլ ընդունում ենք և գնում այնտեղից, որն ավելի էժան է»,- նշեց նախարարը:

Աշոտ Մանուկյանն ասաց, որ Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ, ինչպես նաև ՀՀ վարչապետի Իրան այցի ժամանակ Իրանից գազի ներկրման  հարցը մշտապես քննարկվել է և մնում է օրակարգային: «Ինչո՞ւ գազ չենք գնում  Իրանից: Գազային պայմանագրերը չեն կարող կնքվել մեկ, երկու, երեք տարվա համար: Այդ պայմանագրերը պետք է լինեն երկարաժամկետ: Մենք մեր բոլոր պայմանագրերը կնքում ենք տասնամյակների  համար: Իրանի հետ այսօր ունենք էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց ծրագիրը, որը չափազանց շահավետ է երկու կողմերի համար։ Այդ ծրագրից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ, այն պետք է լինի և շարունակվում է»,- ասաց Աշոտ Մանուկյանը:

Ըստ նրա՝  2019 թվականին շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բաձրավոլտ գիծը, ինչով Հայաստանը հնարավորություն կստանա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխանցել Իրան և ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան։  «Այն ծավալը, որ մենք կներկրենք այս գործարքի շրջանակում, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը։ Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներով», - նշեց Աշոտ Մանուկյանը:

Իսկ որպեսզի ձեռնտու լինի Իրանից լրացուցիչ գազի գնումը, դրա համար, ըստ նախարարի, այդ գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազը: «Դա նույնիսկ տեսականորեն բացառված է:  Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինը ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից», - ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում և այնտեղ պետք է գազի այնպիսի ճնշում ապահովել, որ այդ գազը հնարավոր լինի հասցնել Վանաձոր և Գյումրի։ Իսկ իրանական կողմում, ըստ Աշոտ Մանուկյանի,  այդպիսի կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը։

«Այսինքն՝ եթե այսօր նույնիսկ այդ գազը վերցնենք էլ, ֆիզիկապես չենք կարող հասցնել Վանաձոր և Գյումրի», - ասաց Ա. Մանուկյանը։

Նախարարի խոսքերով՝  իրանական և ռուսական գազերի միջև էլ կա ջերմատվության տարբերություն: Ռուսական գազի ջերմատվությունը, ըստ նախարարի, ակնհայտորեն շատ ավելի բարձր է իրանական գազից:

Placeholder
Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինն ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից. Աշոտ Մանուկյան