Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում. Սերժ Թանկյան
Մշակույթ
14:36 20/10/2017
Հայաստան

Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում. Սերժ Թանկյան

«Հայաստանում իմ սիմֆոնիան Երիտասարդական նվագախմբի կողմից ներկայացնելն ինձ համար հիանալի մի բան է»,- այս մասին նշել է ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախօրեին կայացած «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերայից հետ։

«Ճիշտն ասած, շատ տպավորված, հիացած և հուզված եմ։ Շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին ֆանտաստիկ աշխատանքի համար։ Այսօր մտածում էի, որ մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում, մեր մշակույթը մեր երաժիշտներն են, որոնց պետք է միշտ քաջալերենք»,- Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Թանկյանը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում է անվանել այն փաստը, որ համաշխարհային մասշտաբի ռոք երաժիշտը կարևորում է նաև սիմֆոնիկ ժանրը և գրում սիմֆոնիկ գործեր։

«Սերժ Թանկյանն այն կոմպոզիտորն է, ում երաժշտությունը պետք է շատ հնչի, ում փիլիսոփայության հետ շատերը պետք է հաղորդակցվեն։ Եվ մենք ուրախ ենք Թանկյանի արվեստն ու գաղափարախոսությունը մարդկանց փոխանցելու համար»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Placeholder
Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում. Սերժ Թանկյան