Վարք նախարարությունների-5.  Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
Քաղաքական
15:19 19/10/2017
Հայաստան

Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում

Չգիտեմ՝ ոչ տնտեսվարություն է, չկամություն, թե՞ այնուամենայնիվ, իրոք, Ֆրանկենշտեյնի «ստեղծարար» ոգին է շրջում  Հայաստանում: 

100-150 մլն դոլարով Երևանում «Հայկական գյուղ» սարքելու կառավարության ծրագիրը, որ նպատակ ունի զբոսաշրջիկներին ի ցույց  դնելու հայաստանյան գյուղերի համն ու հոտը, մշակույթը, նիստ ու կացը… մղկտացնում է:  Այդ ինչքա՞ն չունենք կենդանի գյուղ ցույց տալու, որ  գյուղի թանգարան ենք բացում մայրաքաղաքում, այն էլ՝ միլիոններով:

Մայրաքաղաքն էլ՝ մայրաքաղա՞ք:  Մի «Հին Երևան» թանգարան էլ մայրաքաղաքի հիշատակին է կառուցվելու, էլի՝ միլիոններով:

Կենդանի կյանքը (տավտալոգիա մի համարեք) գնահատելու, պահպանելու, սիրելու փոխարեն, այն դիակ ենք սարքում՝ հետո դրա մասին թանգարան սարքելու վեհ նպատակներով:

Ինչո՞վ Ֆրանկենշտեյնի մտածելակերպ չէ:

Գյուղը ապրեցրեք, հաստատ գյուղի մարդիկ ցույց տալու բան կունենան: Թե՞ վախենում ենք, որ մշակույթը իսպառ կորել է: Իսկ վախը հիմքեր ունի՝  մենք գյուղական դպրոցների շարք էինք անում ու մտածում՝  այս մարդիկ անգերազանցելի լավատես են ու ամուր, թե՞ ուղղակի համակերպված ձգում են:

… Գիտեք՝ տնտեսության մեջ, ինչպես և տնտեսվարության… նույնիսկ կենցաղավարության մեջ  մանր բաներ չկան՝  ծորակը չբացեցիր, ջուր չի գա,  չփակեցիր՝ ջուրը կգա այնքան, մինչև  հայցելով, կամ չհայցելով  ձեր ներողամտությունը «Վեոլան»  չկտրի…:

Վերջերս  ՀՀ ԱԺ-ն հրապարակել էր  այն պատգամավորների ցուցակը, որ Երևանում բնակարան վարձակալելու գումար են ստանում: Ցուցակն ու փաստը շատ քննարկվեց և լրատվամիջոցներում, և սոցցանցերում:  Մի կողմից պարզ է՝ եթե կան մարզերից պատգամավորներ, ապա պետք է նիստերի օրերին բնակվեն Երևանում, եթե չեն ուզում գնալ-գալ: Մյուս կողմից՝ ԱԺ-ն փակվելու միտք չունի՝ մարզերից պատգամավորներ կլինեն ու կլինեն: Ինչու՞  ԱԺ-ին կից մշտական բնակարաններ չունենալ, որ ամեն անգամ կտրվի մարզերի պատգամավորներին ու կվերցվի մանդատը վայր դնելուն հետ:  Ավելին՝  բնակարանը հարկ է տալ անպայման բնակվելու պայմանով:

Եվ բնակարանների հարցը կլուծվեր, և ավելորդ խոսակցություններ, թե՝ արդյոք տվյալ պատգամավորը կարիք ունի բնակվարձի, թե ոչ, չեն լինի: Եթե ավելորդ են, իհարկե:


Ի դեպ՝ հենց Բաղրամյան փողոցի վրա տարիներով մի կիսակառույց շենք էր ցցված:  Երևի որպես սիմվոլ կիսատ գործի:

... Հիշում եք հաստատ ՀՀ ԿԳՆ-ն ավարտական վկայականները ռուսերեն կրկօրինակով էր արել: Արձագանքները բուռն, գնահատող ու արդարացի էին:

ՀՀ ԿԳ նախարարը  մեկնաբանեց, թե՝ « «Մենք գիտենք, որ երեխաների մի զգալի մաս ավարտելուց հետո գնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սա արվում է, որ բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ատեստատի համար գումար վճարեն, ստանան ռուսերեն տարբերակը, միշտ է այդպես եղել»:

Հարցումով դիմեցինք, թե՝ արդյո՞ք նպատակահարմար չէ չտալ ներդիրը: Սպասել, թե ավարտածները ուր են դիմում՝ ասենք՝ Չինաստան, Իրան, Գերմանիա… : Ըստ այդմ՝ օտարալեզու ներդիր բոլորին չէ որ պետք է, տվեք դրանք հատուկ ձեզ դիմողներին՝ էլի անվճար ու համապատասխան լեզվով: Ու ավելորդ ծախս էլ չեք անի: Ու չեն էլ արդարացիորեն ասի՝  Հայաստանի Հանրապետության Գիտության ու Կրթության նախարարությունը Ռուսաստանում կրթության քարոզ է վարում ու լեզուն է պրոպագանդում:

Պատասխանը հերթական անգամ  հիասթափեցնող էր: Ավելորդ ծախսի մասով ասել էին, որ վկայականները ձեռք են բերվում «տարին մեկ անգամ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված  կարգով»,  ռուսերենի մասով՝ որ «ռուսերենով լրացնելը պայմանավորված է ՀՀ-ում ռուսերենով ուսուցում իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների առկայությամբ», ինչը նախարարի հայտարարածը չէ, ու մի լրիվ ավելորդ պատասխան՝ «հիմնական կրթության վկայականը լրացվում է բացառապես հայերենով, իսկ միջնակարգ կրթության` մեկ թերթով ավել ատեստատը ռուսերենով լրացնելու համար հավելավճար չի տրամադրվում»: 

Ինչ կապ ունի: Հենց կրթությա՞ն նախարարությունը պիտի հարցերին ոչ  ըստ էության պատասխանի: Նախկին օրենքը 2010 թվականին է ստորագրվել: Նախարար է փոխվել, ուրիշ կուսակցությունից: Ի՞նչն է խանգարում փոքր-ինչ քննադատաբար ետ նայել, ռացիոնալ բաներ ասել:

Կամ՝  հերթական «օպտիմալացումը»: Դպրոցներ են փակվում, ուսուցիչներ են աշխատանքից զրկվում, դասարանները խոշորացվում են՝ գումարների սղության պատճառո՞վ: Այդ դեպքում ինչու է կրթությունը դարձվում 12 տարի: Խիտ ու երկար, թե նոսր ու կարճ: Որտեղ է «օպտիմալացման» տրամաբանությունը: Եթե ասեք ՝  Բոլոնյան հռչակագիրը ու դրա պահանջները, պիտի պատասխանեմ՝ ուրեմն չեք ուսումնասիրել այն:  Համապատասխանել եվրոպական բուհերի պահանջներին, չի նշանակում սովորել 12 տարի, երեսունից ավել աշակերտներով դասարանում,  անտեսված մարզային դպրոցներում:

Դրա համար էլ գյուղական դպրոցների վիճակը սա է,  ու ընդամենը մի-երկու դպրոց կա, որ ցուցադրության համար ամեն անգամ աչք են խոթում:

Մի դպրոցի թանգարան:

Ու դրա համար է, որ մանր, կարևոր, ամենօրյա գործերը անելու փոխարեն դիակ կենդանացնելու քաղաքականությունն է շրջում երկրում:

Placeholder
Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում