Բելառուսական գյուղտեխնիկան «ադապտացնել» Հայաստանի պայմաններին
Տնտեսություն
14:06 21/10/2017
Հայաստան

Բելառուսական գյուղտեխնիկան «ադապտացնել» Հայաստանի պայմաններին

Հայաստանի և Բելառուսի  միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Նման կարծիք են հայտնել երկու երկրների գործադիր մարմնինների ներկայացուցիչները Մինսկում տեղի ունեցած հանդիպմանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ: 

Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համագործակցության և դեպի երրորդ երկրներ արտահանման հարցերին: Կողմերը քննարկել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանը  քննարկվել են Բելառուսում արտադրվող և Հայաստան մատակարարվող տրանսպորտային, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող հարցեր, նաև արծարծվել է դրանց ադապատացումը հայաստանյան պայմաններին:

Պատվիրակությունների հանդիպման օրակարգում էր նաև  հայ-բելառուսական գործարար համաժողով կազմակերպելու հարցը, որը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով:

Placeholder
Բելառուսական գյուղտեխնիկան «ադապտացնել» Հայաստանի պայմաններին