Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները
Մշակույթ
13:03 23/10/2017
Հայաստան

Անիմատոր Նաիրա Մուրադյանը կենդանացրել է Սևան Նաղաշի նկարները

Մեկ տարի է անցել բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագգաշյանի մահվանից: Նրա ընկերները շարունակում են տարբեր միջոցառումներ, ծրագրեր իրականացնելով՝ վառ  պահել Սևանի հիշատակը, այդպես փորձելով նաև իրենց կարոտն առնել լավ ընկերոջից ու լավ արվեստագետից:

Նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը ստեղծել է «Սևան ջան» աշխատանքը: 

«Նկարչուհի ու հրաշալի մարդ` Սևան Նագաշյանի նկարների կենդանացման փորձն է այս «Սևան ջանը», իսկ ստեղծվել է մեծ կարոտից, որը չի անցնում ...
Մի տարի անցավ նրա մահից»,- Panorama.am-ին ասաց Նաիրա Մուրադյանը:

«Սևան ջան»-ը Ն. Մուրադյանն արել է 3 օրում, օգտագործել է «Շողակաթ» ընկերության Սևանի մասին տեսանյութի ձայնը:

Սևան Նագգաշյանը միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմի ժառանգն է:

Սեբաստիա-Երուսաղեմ-Բեյրութ. այս ճանապարհն անցնելով է Սևանի պապը փրկվել ցեղասպանությունից ու հաստատվել Բեյրութում, որտեղ էլ հայտնի գրող, հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի ընտանիքում 1968թ. նոյեմբեր 27-ին ծնվել է Սևանը:

Սևան Նագգաշյանը սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում (1986-1992 թ.թ.), որտեղ ևս երեք տարի շարունակել է ուսումն ու մասնագիտացել կերպարվեստի մեջ: 2009-2011 թ.թ. ուսումնասիրել  է  Եվրոպայի արվեստի աշխարհն ու թանգարանները: Ունեցել է անհատական և խմբային ցուցահանդեսներ Լիբանանում, Հայաստանում, Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Սևանի նկարները գտնվում են  աշխարհի տարբեր երկրների մասնավոր և պետական հավաքածուներում:

Սևանն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի անիմացիայի բաժնում, ինչպես նաև Մոնրեալի անիմացիայի գլխավոր ստուդիաներում: 

Հիշարժան ֆիլմերից են Սիլվեն Շոմեի «The Old Lady and the Pigeons»-ը և «The Belleville Triplets»-ը, Ռուբեն Հախվերդյանի երկու երգերի մուլտֆիլմերը («Զատիկ» և «Օրոր») և «Զատիկ» DVD-գրքի ձևավորումը: Անիմացիոն ֆիլմերի  «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի կազմակերպման ակտիվ մասնակիցներից է, եղել է ժյուրիի անդամ։

2014 թ. կազմակերպել և համադրել է «Արվեստը` սահմանին» ցուցահանդեսը, որի նպատակն էր Վազաշենի խնդիրները ներկայացնելով` հասարակության ուշադրությունը կենտրոնացնել սահմանամերձ գյուղերի հիմնահարցի վրա:

Placeholder