Արամ Սարգսյան. Եթե կորցնենք ատոմակայանը, կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր
Քաղաքական
18:35 24/10/2017
Հայաստան

Արամ Սարգսյան. Եթե կորցնենք ատոմակայանը, կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր

Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Խորհրդարանում հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Նախօրեին արդարադատության և էներգետիկայի նախարարը խոսել են նոր Ատոմակայան ունենալու խնդրի մասին և կարծիք հայտնել, որ պետք է համադրեն այն այլընտրանքային էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում կայացնեն։ Անկեղծ ասած, այս մոտեցումն ինձ լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Իմ հիշողությունը հուշում է, որ նման մոտեցումներով մենք հրաժարվեցինք գազաբաշխիչ  ցանցերից, երկաթգծից, օդանավակայանից և այսպես շարունակ: Իմ կարծիքով` ատոմային էներգետիկան ՀՀ-ում այլընտրանք չունի: Մեծամորի ատոմակայանն իր 440 մեգավատով  երաշխավորված հոսանք է ապահովում մեր երկրին և, բնականաբար, ոչ արևի էներգետիկան, ոչ քամու էներգետիկան նման հնարավորություն չունեն, իսկ հիդրոէներգետիկան նման հնարավորություն տալու պարագայում մեծ տարածքներ է պահանջում: Ջերմային էներգետիկան նման հնարավորություն տալիս է, բայց բավական թանկ է, որի լավագույն օրինակը Իրանն է, որը լուրջ գազային պաշարներ ունենալով հանդերձ ատոմային հիդրոկայան է կառուցում, ավելին՝ փորձում է  կոշտ վառելիքն ինքն իր համար ապահովել»,-ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ պետք է ամբիցիա ցուցաբերել, փորձել ոչ միայն ատոմակայան ունենալ, այլ մեր «Ուրան 325»-ը ունենալ, որովհետև դրա համար Հայաստանն ունի անհրաժեշտ նախապայմանները՝ տեխնիկական, նյութական և քաղաքական հնարավորությունները: Նա նշեց, որ ՀՀ-ում կա 34 ուրանի հանքավայր` հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի մարզում:

«ՀՀԿ կուսակցության ԵԱՏՄ ջատագով իմ ջահել ու ահել ընկերներին, եղբայրներին խորհուրդ կտայի պինդ զբաղվել այս խնդրով, դրանից հետո մենք ձեր բոցաշունչ ելույթները համառ ուշադրությամբ կլսենք, կասենք` ապրի արևներդ, հակառակ դեպքում, եթե կորցնենք մեր ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր»,- հավելեց Արամ Սարգսյանը:


 

Placeholder
Արամ Սարգսյան. Եթե կորցնենք ատոմակայանը, կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր