Լոքյան. Սահմանամերձ Խաչիկում և Ելփինում ոռոգման ջրի խնդիրը կլուծվի
Տնտեսություն
17:55 25/10/2017
Հայաստան

Լոքյան. Սահմանամերձ Խաչիկում և Ելփինում ոռոգման ջրի խնդիրը կլուծվի

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչների մտահոգություններն ու խնդիրներն այսօր ԱԺ-ում բարձրաձայնեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ նա նախկինում Վայոց Ձորի մարզպետն էր, իսկ Խաչիկը սահմանամերձ համայնք է, երեք կողմերից սահմանակից է Նախիջևանին։

«Խաչիկցիներն առավել մտահոգված են կառավարության անտարբերությունից: Կառավարության անդամների շատ քիչ այցելություններից: Վերջին նախարարը, որ այցելել է համայնք, դուք եք եղել մի քանի ամիս առաջ»,-ասած պատգամավորը՝ դիմելով տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

Գյուղի բազմաթիվ պրոբլեմներից ամենակարևորը ոռոգման ջուրն է, նույն հոգսն ունեն Ելփին համայնքի բնակիչները:

«Մարդիկ իրենց իսկ կողմից ստեղծված աշխատատեղը չեն կարողանում պահպանել, չունեն ոռոգման ջուր, որ իրենց բերքը աճեցնեն, վաճառեն, իրենց ընտանիքների գոյությունը պահպանեն: Ե՞րբ եք պատրաստվում այդ համայնքներին ոռոգման ջրով ապահովել, հատկապես, որ դուք տեղյակ եք, որ դա հնարավոր է անել միայն ջրամբար կառուցելով»,-հարցրեց պատգամավորը:

Դավիթ Լոքյանն ասաց, Բագրատյանին պետք է որ խնդիրը լավ ծանոթ լինի:

«Կարծում եմ, որ գյուղացիները պետք է ներկայացրած լինեին, որ Խաչիկի խնդիրն այսօր կառավարությունը պատրաստվում է լուծել փոքր ջրամբարների ծրագրով: Այն տասը ծրագրերում, որոնք կառավարությունում քննարկվել են, կարծես թե ֆինանսավորումը գտնվել է, և Խաչիկի, և Ելփինի խնդիրը ներառված է: Այդ ծրագրերի արժեքը կազմում է 100 մլն դոլար»,-ասաց նախարարը:

Լոքյանն ասաց, այսօր էլ կառավարությունը պոմպի միջոցով գյուղացիներին կարողանում է ոռոգման ջուր հասցնել:

«Փառք աստծու, Խաչիկում գյուղատնտեսության տեղաշարժ կա այսօր»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանն ասաց, Ջրպետկոմին հարցեր է ուղղել, բայց պատասխանները դեռ չի ստացել:

Placeholder
Լոքյան. Սահմանամերձ Խաչիկում և Ելփինում ոռոգման ջրի խնդիրը կլուծվի