Ցանկանում ենք՝ մեր ազգային կոխ ըմբշամարտը ՀՀ-ում և աշխարհում տարածում ունենա. Վ. Գալուստյան
Սպորտ
14:14 26/10/2017
Հայաստան

Ցանկանում ենք՝ մեր ազգային կոխ ըմբշամարտը ՀՀ-ում և աշխարհում տարածում ունենա. Վ. Գալուստյան

Հոկտեմբերի 27-29-ը Վանաձորում կկայանա կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Կոխ ըմբշամարտը հայկական ազգային մարզաձև է և հիմք է հանդիսացել մենապայքարային այլ մարզաձևերի զարգացման համար:

Ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ շատ լուրջ պատրաստվել են հանրապետության առաջնությանը: Երկար դադարից հետո, նման մակարդակով կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնություն անցկացնում են առաջին անգամ:

Հարցին, թե ինչո՞վ է հայկական կոխ ըմբշամարտը տարբերվում ըմբշամարտի մյուս ոճերից, նա ասել է. «Հայկական կոխ ըմբշամարտը կանոններով շատ նման է ազատ ոճի ըմբշամարտին, ձյուդոյին և սամբոյին: Մրցման ժամանակահատվածը հինգ րոպե է: Մեր գոտեմարտերը սկսվում են ազգային երգ ու պարով: Առայժմ միայն կոխ ըմբշամարտով զբաղվող մարզիկներ չունենք: Մեր ֆեդերացիան պայմանավորվածություն ունի, և ըմբշամարտի, սամբոյի ու ձյուդոյի մարզադպրոցներում շաբաթական երկու անգամ ուսուցանում են կոխ ըմբշամարտ: Հենց այս մարզաձևերի ներկայացուցիչները կմրցեն Հայաստանի առաջնությունում»:

Նա տեղեկացրել է, որ մեծահասակների Հայաստանի առաջնությունը կանցկացնենք ութ քաշային կարգում: Նախատեսում են, որ կմասնակցեն շուրջ 100 մարզիկներ:

Վաղինակ Գալուստյանն ասել է, որ նախկինում կոխ ըմբիշները գոտեմարտել են ազգային տարազներով. «Մենք փորձել ենք մի փոքր ժամանակակից տեսք տալ մարզահագուստին՝ պահպանելով ազգային տարրերը»:

Հարցին, թե ի՞նչ նպատակներ ունի ֆեդերացիան, նա պատասխանել է. «Ցանկանում ենք, որ կոխ ըմբշամարտը Հայաստանում մեծ տարածում գտնի, ունենանք բուն այս մարզաձևի խմբեր: 

Առաջնության արդյունքներով կձևավորենք ազգային հավաքականը, որը հետագայում կմասնակցի միջազգային մրցաշարերի: Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ազգային մարզաձևերի ֆեդերացիա ունի: Դրա նպատակն է՝ բոլորին համախմբել մեկ տանիքի ներքո և անցկացնել  ազգային մարզաձեւերի աշխարհի առաջնություն:

Մենք նպատակ ունենք հասնել այն մակարդակին, որ կարողանանք անցկացնել նաև հայկական կոխ ըմբշամարտի աշխարհի առաջնություն»:

Placeholder
Ցանկանում ենք՝ մեր ազգային կոխ ըմբշամարտը ՀՀ-ում և աշխարհում տարածում ունենա. Վ. Գալուստյան