Մահացել է գեղանկարիչ Սարո Գալենցը
Մշակույթ
13:20 26/10/2017
Հայաստան

Մահացել է գեղանկարիչ Սարո Գալենցը

Այսօր կյանքից հեռացել է գեղանկարիչ, պրոֆեսոր Հայաստանի նկարիչների միության անդամ,  Սարո Հարությունի Գալենցը: Այս մասին հայտնում են ՀՀ նկարիչների միությունից:

Սարո Գալենցը ծնվել է 1946 թվականին:  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցի և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի որդին է։ Ավարտելով Երևանի Ղազարոս Աղայանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, 1960-1965 թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ 1965-1970 թթ. սովորել է նկարչություն և տեքստիլ դիզայն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1967-1968 թթ. մեկ տարի սովորել է Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

1971 թվականից Սարո Գալենցը շուրջ 20 տարի ապրել և աշխատել է Մոսկվայում։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միությունների անդամ։ Մոսկվայում նա ակտիվորեն ներգրավված էր խորհրդային մայրաքաղաքի գեղարվեստական միջավայրի մեջ, որտեղ բացի գեղանկարչությունից, հնարավորություն է ունեցել իրականացնել իր հետաքրքրությունները նաև մոնումենտալ արվեստի և դիզայնի մեջ։

1973-1987 թթ. Սարո Գալենցի ստեղծագործությունները մասնակցել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Սիրիայում և Կանադայում։

1977 թվականին Համամիութենական սիմպոզիում-ցուցահանդեսում Վիլնյուսում (Լիտվա) Սարո Գալենցը արժանացել է Ոսկե մեդալի՝ «Առավոտ Վիլնյուսում» կոմպոզիցիայի համար։ Նույն թվականին նա իրականցրել է երկու հարթաքնդակ Գալվանական գործարանի նախամուտքի համար Տամբով քաղաքում (Ռուսաստան), և Մոսկվայում՝ ԺՏՆՑ (ВДНХ) «Խորհրդային Հայաստան՝ 60 տարի» Հայաստանի ցուցահանդեսային տաղավարի դիզայն։

1983 թվականին Հայաստանի թատերական ընկերության համար (այսօր Ֆրանսիայի դեսպանատան շենք) իրագործել է երկու բրոնզե դռներ՝ 32 կոմպոզիցիաներով դռների երկու կողմերում, և 1992-1993 թթ.՝ «Մուսաներ»՝ 12 կոմպեզիցիոն աշխատանքներ ընկերության բարի առաստաղի համար։
1986 թվականին իրականացնում է մեկ այլ մոնումենտալ աշխատանք Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախասրահի համար՝ 15 քմ «Ծաղիկներ» վիտրաժ պատուհան։ 1989 թվականին՝ «ԽՍՀՄ-ում արտադրված երաժշտական գործիքները» ցուցահանդեսի ձևավորում՝ ներկայացնելով 10 ծավալային պաննոներ։

1980-ական թվականների վերջին Սարո Գալենցը վերադառնում է Երևան։ Նա հրավիրվում է դասավանդելու Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում։ 1992 թվականից մասնակցում է Հայաստանի նկարիչների միության ամենամյա ցուցահանդեսներին։

1990-ականների ընթացքում Սարո Գալենցը իրականացրել է մի շարք ուղևորություններ դեպի Եվրոպա և Ասիա, բացել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1998) և Նիկոզիայում (1996)։
2009 թվականին Սարո Գալենցը հիմնադրել է «Կալենց» մշակութային հիմնադրամը։ 2010 թվականի ապրիլին՝ Հարություն Կալենցի 100- ամյակին և Արմինե Կալենցի 90-ամյակին, Կալենց մշակութային հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվել է Կալենց թանգարանը։

Placeholder
Մահացել է գեղանկարիչ Սարո Գալենցը