Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյան. Բյուջեի նախագիծը գնահատում եմ բացարձակապես ոչ ադեկվատ
«Բյուջեի վերաբերյալ մենք ունենք մի կարևոր փաստ՝ արդեն երեք տարի մենք թոշակները, նպաստները չենք բարձրացրել, մինչդեռ ունեցել ենք ու ունենք գնաճ»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երկու տարվա տվյալներով Հայաստանում գրանցվել է 6.7 տոկոս գնաճ, հետևաբար, եթե թոշակների ու նպաստների չափը չի բարձրանում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն:
«Ընդ որում, ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այ բանի վրա, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու մաքսային նոր դրույքաչափերը Եվրասիական տնտեսական միության, որոնք բարձրացնելու են լայն սպառման ապրանքների գները՝ իրենց հետ բերելով սոցիալական հետևանքներ: Բյուջեն այս առումով գնահատում եմ բացարձակապես ոչ ադեկվատ»,-ասաց Փաշինյանը:
Ճեպազրույցին ներկա «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ քաղաքացիների գնողունակության անկումն ավելի մեծ է լինելու, քան բյուջեում սահմանված թվերն են:
«2018 թվականից սկսելու է բոլորի համար գործել կուտակային կենսաթոշակային հարկը, այսպես ասած: Մի կողմից ունենք հարկային բեռի ավելացում, մյուս կողմից գնաճ, բայց չունենք սոցիալական ապահովության ոլորտում միջոցների ավելացում: Թվերից կարելի է գնահատել, որ լուրջ ճգնաժամային տարի է սպասվում»,-ասաց նա: