Լիբանանցի ներդրողներին  հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները
Տնտեսություն
13:28 30/10/2017
Հայաստան

Լիբանանցի ներդրողներին հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները

ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում Հայաստանում ներդրումներ իրականցնող գործարարների նկատմամբ, այն է՝ ամբողջական աջակցություն ներդրողին։ Բեյրութում կայացած հայ-լիբանանյան գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  համաժողովին ներկա է եղել Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Ֆարաոնը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 200 գործարարներ Լիբանանից և Հայաստանից։

«Յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմից առաջարկելով կոնկրետ ներդրողի համար առավել արդյունավետ համախումբը», - ասել է Կարայանը:

Լիբանանցի ներդրողներին հատկապես հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները, ոսկեգործության և զբոսաշրջության ոլորտները։
Համաժողովի ընթացքում հուշագիր է ստորագրվել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման և գործարար շրջանակների աշխատանքների դյուրացման նպատակով։

Մեկ այլ համագործակցության հուշագիր է կնքվել արդյունաբերական ոլորտում հայկական և լիբանանյան ընկերությունների միջև։  Կայացել են գործարարների միջև B2B հանդիպումներ։
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտմբերի 26-31-ը նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Լիբանանում և Սիրիայում։

Պատվիրակության կազմում են՝ ՀՀ hատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և այլ պաշտոնյաներ։

Placeholder
Լիբանանցի ներդրողներին հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները