Տեր Բաբգէնի ազատումը պաշտոնից ոչ մի կապ չունի Գումբուրդոյի դեպքերի հետ. Վիրահայոց թեմի առաջնորդ
Տարածաշրջան
11:38 30/10/2017
Տարածաշրջան

Տեր Բաբգէնի ազատումը պաշտոնից ոչ մի կապ չունի Գումբուրդոյի դեպքերի հետ. Վիրահայոց թեմի առաջնորդ

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատումը պաշտոնից ոչ մի կապ չունի Գումբուրդո գյուղի դեպքերի հետ: jnews.ge-ին այս մասին ասել է իրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնել է, որ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Պատասխանելով հարցին, թե  Հայր Սուրբի պաշտոնից հեռացումը շատերը ուղիղ կապում են Գումբուրդոյի դեպքերի հետ, ինչքանո՞վ է դա ճիշտ, Տեր Վազգեն եպիսկոպոսն ասել է. «Ոչ, ոչ մի բանի հետ կապ չունի: Սա ոչ մի կապ չունի Գումբուրդոյի հետ, բացարձակ: Գումբուրդոյի հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, այստեղ Հայր Սուրբը ոչ մի անելիք չուներ»:

Նրա խոսքով, պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է՝ այլ  աշխատանքի անցնելու և կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, ուրիշ որևէ մի այլ բան չկա, հայր սուրբը շարունակելու է հոգևոր իր գործունեությունը. «Այո, գուցե և ավելի բարձր պաշտոնների հրավիրվի: Հիմա Հայր Սուրբը արձակուրդում է, արձակուրդից կվերադառնա և արդեն կերևա, այնպես որ շուտով այդ բոլոր հարցերին անդրադարձ կլինի, սա զուտ աշխատանքային պրոցես է և ոչ մի ժամանակի հետ կապ չունի»:

Հարցին, թե Հայր Բաբգէնին ով կփոխարինի առաջնորդի պաշտոնում, Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասել է. «Առայժմ դեռ ոչ ոք, դեռ ինքս որպես առաջնորդ աշխատանքները կշարունակեմ մինչև որ տեսնենք հետագայում ինչ կլինի»: 

Placeholder
Տեր Բաբգէնի ազատումը պաշտոնից ոչ մի կապ չունի Գումբուրդոյի դեպքերի հետ. Վիրահայոց թեմի առաջնորդ