2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ. Վ. Մարտիրոսյան
Տնտեսություն
14:59 31/10/2017
Հայաստան

2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ. Վ. Մարտիրոսյան

«2018 թվականին Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գծով պետական բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 47,4 մլրդ դրամ»,- «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման  ժամանակ հայտնեց  նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իրականացվելու է 25 ծրագիր՝ 10 վարկային և 2 դրամաշնորհային։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ,  2,8 մլրդը Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհ է: 2018 թվականին շինարարական աշխատանքները կշարունկավեն շուրջ 84 կմ ճանապարհահատվածներում, որից կբետոնապատվեն 40-ից 45 կմ-ը», - տեղեկացրեց Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ պետական սահմանի՝ Բագրատաշենի անցման կետ կամրջի վերակառուցման ծրագրին, նախարարն ասաց, որ նախատեսված է տրամադրել 1,13 մլրդ դրամ. «Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 3,4 մլրդ դրամ: Շինարարությունը կազմակերպելու մրցույթներն ավարտվել են, պայմանագրերը կնքման փուլում են։ Կիրականացվեն նախագծային աշխատանքների 100 տոկոսը, կամրջի շինարարության մոտ 20 տոկոսը և տեխնիկական վերահսկողության աշխատանքները»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հարց ուղղեց Վահան Մարտիրոսյանին, թե արդյոք նախարարության 5-ամյա ծրագրում նախատեսվա՞ծ է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը և ի՞նչ է արվում երկաթուղու արդիականացման համար։

«Այսօր Հայաստանն ունի ստորագրած պայմանագիր տրված ընկերության հետ, որը պարտավորություն է վերցրել ներդրումային ծրագիր ներկայացնել Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու համար։ Քննարկումներն այդ ընկերության հետ շարունակվում են։ Արդյունքների մասին տեղյակ կպահենք», - նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է արդիականացմանը՝ պատասխանեց, ոչ հարավկովկասյան երկաթուղիների ներդրման ծրագրերը 100,3 տոկոսով կատարվում են և վերահսկվում. «Այդ ծրագրերը հիմա շատ ավելի խիստ հսկողության տակ են, և ցանկացած ներդրումային ծրագրի համար մինչև նախագիծ չի ներկայացվում, մենք այն չենք հաստատում», - հավելեց Վահան Մարտիրոսյանը։

Placeholder
2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ. Վ. Մարտիրոսյան