Սաղաթելյան. ԱԺ-ում ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր
Հասարակություն
12:18 01/11/2017
Հայաստան

Սաղաթելյան. ԱԺ-ում ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին խնդրեց մանրամասնել, ինչ է արվելու ԱԺ-ում լրագրողների աշխատանքն ավելի դյուրացնելու և արդյունավետ դարձնելու համար:

Սաղաթելյանը հարցով հետաքրքրվող պատգամավորին  առաջարկեց  նիստից հետո ծանոթանալ պատրաստվող նախագծերին, ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր:  Ըստ այդմ,  ԱԺ-ում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով ու օդորակիչներով հագեցած, կլինին պատշաճ աշխատանքային պայմաններ, նորմալ լուսավորություն, որտեղ հեռուստաընկերությունները կարող են նորմալ կադր ստանալ:

«Լինելու է ժամանակակից մեդիա միջավայր, որտեղ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը, անկախ այն բանից, այդ պահին այդտեղ հետաքրքրություն ունի, թե ոչ, կարող է ներկա գտնվել, աշխատել, այդտեղից հետևել հանձնաժողովների ու ԱԺ-ի նիստերին, այլ ոչ թե միջանցքում նստեն ընկճված»,-ասաց Սաղաթելյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ լրագրողների համար միջավայրերի ստեղծման աշխատանքներն արված կլինեն մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր:
«Բացի այդ, գրադարանի բազայի վրա կստեղծենք քննարկման կենտրոն, որը հնարավորություն կտա մի բաժակ սուրճի շուրջ նստել ու հասկանալ քննարկվող թեման»,-ասաց նա:

2018-ի բյուջեի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց վարչական սարքավորումներ տողում ֆինանսական ցուցանիշը կա, քանակականը՝ ոչ, ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու:

Սաղաթելյանը նշեց, որ կառավարությունից խնդրել են այս նպատակով հատկացնել 125 մլն դրամ, ստացել են 45 մլնը, պետք է տեղավորվել այդ գումարի շրջանակում:

«Սակայն մենք ակտիվ աշխատում ենք ՄԱԿ-ի  հետ, որը ենթադրում է տեխնիկական մեծ բաղադրիչ: Դա ենթադրում է հարյուր հազարավոր դոլարի տեխնիկա, դրամաշնորհի միջոցով»,-ասաց նա:

Placeholder
Սաղաթելյան. ԱԺ-ում ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր