«Վիոլա ջուր»-ն առաջարկում է սակագինն ավելացնել 14.3 դրամով
Տնտեսություն
15:39 02/11/2017
Հայաստան

«Վիոլա ջուր»-ն առաջարկում է սակագինն ավելացնել 14.3 դրամով

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է  պահպանել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների մանրածախ սակագները:

ՆԱ հիշեցրել է, որ 2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14.3 դրամով:

Նշված հայտը ներկայումս գտնվում է հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում:

«Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին նա հանձնարարել է 20-օրյա ժամկետում, սակագնի փոփոխության դեպքում, կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:

Հանձնարարվել է նախագիծը մշակել՝ համատեղ աշխատելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ, այդ թվում՝ քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները:

Placeholder
«Վիոլա ջուր»-ն առաջարկում է սակագինն ավելացնել 14.3 դրամով