Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել անդամ պետությունների հետ. վարչապետ
Տնտեսություն
17:00 03/11/2017
Հայաստան

Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել անդամ պետությունների հետ. վարչապետ

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել  անդամ պետությունների հետ՝ համոզմունք հայտնելով, որ առևտրային արգելքների հետագա վերացումը և Ազատ առևտրի մասին պայմանագրի դրույթների իրագործումը դրական ազդեցություն կունենա  պետությունների տնտեսական աճի վրա և հնարավորություններ կստեղծի ԱՊՀ երկրների տնտեսությունների խորացման համար:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նիստում ընդունվել են  անդամ պետությունների  տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ փաստաթղթեր:

Խորհուրդը նաև որոշում է կայացրել հաջորդ նիստը 2018թ. հունիսին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացնելու մասին:

Placeholder
Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս այս հարթակում հարաբերություններ կառուցել անդամ պետությունների հետ. վարչապետ