Ստատուս քվոն փոխելու նախադրյալներ և պատճառներ այս պահին չեն երևում. Շահան Գանտահարյան
Քաղաքական
12:06 04/11/2017
Տարածաշրջան

Ստատուս քվոն փոխելու նախադրյալներ և պատճառներ այս պահին չեն երևում. Շահան Գանտահարյան

Քրդական անկախ պետականության ձևավորումն ու կայացումը այս պահին իրատեսական չեն։ Քրդական խաղթուղթը շահարկվել է արմտյան ուժերի և Իսրայելի կողմից։ Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Անկախ Քուրդիստանը չի կայանալու, սակայն քրդական գործոնն իր ազդեցությունը պահելու է։ Ինչ վերաբերում է Սիրիայի քրդերին, ապա նրանք հանրաքվե անցկացնելու կամ անկախ պետականություն հռչակելու մասին չեն բարձրաձայնում։ Նրանք երբեք չեն գնա Իրաքյան քրդերի քայլին»,- համոզմունք հայտնեց սփյուռքահայ գործիչը։

Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը՝ բանախոսը համոզմունք հայտնեց, որ դրա նպատակը Հայաստանին մեկուսացնելն է։ Մինչդեռ մեր երկիրը մեկուսացնող յուրաքանչյուր քայլի պետք է հակաքայլ առաջադրի։

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի այլընտարնքային ճանապարհ Հայաստանի համար կարող է ծառայել աբխազական երկաթգիծը։ Եթե համաձայնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նաև հակառուսական նախագիծ է, ապա աբխազական երկաթուղու գործարկման մեջ շահագրգռված կլինի նաև Ռուսաստանը»,- ասաց Շահան Գանտահարյանը։

Ինչ վերաբերում է վերջերս կայացած Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ հանդիպմանը, խմբագիրը հիշեցրեց, որ դրա ընթացքում աննուղղակի անդրադարձ է կատարվել նաև Արցախյան խնդրին։

«Ընդ որում, Իրանի տեսակետը շատ համահունչ էր մինչ այժմ պաշտոնական Թեհրանի ունեցած հավասարակշիռ մոտեցմանը։ Կարծում եմ՝ Արցախյան հակամարտության ուղղությամբ ստատուս քվոն փոխելու նախադրյալներ և պատճառներ այս պահին չեն երևում ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից»,- եզրափակեց Շահան Գանտահարյանը։

Placeholder
Ստատուս քվոն փոխելու նախադրյալներ և պատճառներ այս պահին չեն երևում. Շահան Գանտահարյան