«Պնդումը, որ ժողովրդի վիճակը օրեցօր վատանում է, ավելի շատ էմոցիա է պարունակում». Փոխնախարարը՝ պատգամավորին
Տնտեսություն
12:07 06/11/2017
Հայաստան

«Պնդումը, որ ժողովրդի վիճակը օրեցօր վատանում է, ավելի շատ էմոցիա է պարունակում». Փոխնախարարը՝ պատգամավորին

«Ինչո՞վ է պայմանավորված, որ սոցիալական վիճակի օրեցօր վատթարացմանը զուգընթաց սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը նվազում են»,- այսօր խորհրդարանում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին։

2018- բյուջեով սոցիալական պաշտապնության ոլորտին տրամադրվող ծախսերը նվազել են 362 մլն դրամով։

«Արդյո՞ք այս մոտեցումը չի հակասում Սահմանադրությանը»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ հակասում չկա և նախորդ տարվա համեմատ հատկացումների 0,1 տոկոսն է ընդամենը նվազել:

«Եթե պատկերացնենք, որ մեր երկրում սոցիալական ծախսերով է մարդու իրավիճակը բարելավվում, մտավախություն ունեմ, որ դատապարտված կլինենք ձախողման: Հիմա դուք ասում եք վատացել է մարդկանց սոցիալական վիճակը՝  ես էլ կհարցնեմ՝ ինչով»,-ասաց Ջանջուղազյանը։

Փոխնախարարի խոսքով՝ պատգամավուրի պնդումը, որ ժողովրդի վիճակը օրեցօր վատանում է, ավելի շատ էմոցիա է պարունակում, քանի որ թվերը հակառակն են ասում:

«Սոցիալական պաշտպանության բաժնի ծախսերով հնարավոր չէ դատողություն անել, թե ուր ենք գնում։ ԱՎԾ-ի տվյալներով՝ նվազել է գործազրկությունն առաջին կիսամյակում։ Նայեք գյուղատնտեսության բնագավառին, այնտեղ 4 մլրդ-ով աճել է, դա էական կշիռ ունի, դա նպաստելո՞ւ է սոցիալական վիճակի լավացմանը, թե՞ ոչ»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը արձագանքեց. «Իհարկե, գնալով վատթարանում է, քանի որ օրեցօր գնաճն ավելի է նկատվում, կենսաթոշակն ու աշխատավարձը չի բարձրանում: Բյուջեն պետք է արտահայտի Սահմանադրության առաջին հոդվածը՝ սոցիալական պետություն ենք: Եթե համեմատեմ ընտանիքի հետ. ձեր մոտեցումը նույնն է, որ ընտանիքի հայրը կանգնի ու հայտարարի, որ մենք մյուս տարի կապիտալ վերանորոգման աշխատանքներ ենք սկսում, ուրեմն ոչ հաց պետք է ուտեք, ոչ շոր հագնեք։ Իսկ էմոցիաները բնական են»,-ասաց պատգամավորը և նշեց, որ հավասարաչափ չի բաշխվել:

Ջանջուղազյանը հավելեց, որ ասվածի տրամաբանությանը համաձայն է, բայց հետևությունների հետ՝ ոչ: «Մենք ամենալավ փոխզիջումն ենք գտել,  տնտեսության տարբեր ոլորտների ու հանրության տարբեր շերտերի համար, և դա արտահայտել բյուջեում»։

Placeholder
«Պնդումը, որ ժողովրդի վիճակը օրեցօր վատանում է, ավելի շատ էմոցիա է պարունակում». Փոխնախարարը՝ պատգամավորին