Ֆրանսիայի դեսպանի կարծիքով Հայաստանում ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է
Առողջություն
17:48 08/11/2017
Հայաստան

Ֆրանսիայի դեսպանի կարծիքով Հայաստանում ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է

«Հայաստանում գտնվելու մեկ ամսվա ընթացքում  ՀՀ-ում Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի մոտ կարծիք է ձևավորվել, որ մեզանում առողջապահական ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է»,- այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ նախարար Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպանին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեսպանը  նախարարին տեղեկացրել է, որ դեկտեմբերին Հայաստաի սրտաբանները ծխելու դեմ պայքարի ոլորտում կվերապատրաստվեն Ֆրանսիայում։ 

Լևոն Ալթունյանը խնդիրը դիտարկել է ավելի լայն` առողջ ապրելակերպի, վնասակար մի շարք սովորույթներից զերծ մնալու ենթատեքստում։  Նա նշել է, որ այդ գաղափարները հանրությանը հասցնելու և առողջ ապրելակերպի մշակույթ ներդնելու նպատակով աշխատանքներ են տարվում առողջ ապրելակերպի հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։

Լևոն Ալթունյանը և Ջոնաթան Լաքոտը քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է Փարիզի  Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի հետ համագործակցությունը շարունակելու և ֆրանսիական բրենդի մուտքը Հայաստան կյանքի կոչելու ծրագիրը։ Նախարարն այն կարևորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից։

 

Placeholder
Ֆրանսիայի դեսպանի կարծիքով Հայաստանում ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է