ԵՊՀ ռեկտորատը հորդորում է դադարեցնել դասադուլի կոչերը
Կրթություն, գիտություն
17:51 09/11/2017
Հայաստան

ԵՊՀ ռեկտորատը հորդորում է դադարեցնել դասադուլի կոչերը

Այսօր ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որտեղ ռեկտորատի անդամները՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ, քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել են հայտարաություն:

Հայտարարության մեջ ասված է. «Համոզված ենք, որ սույն օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առաջ, որոնց լուծումը պահանջում է հասարակական փոխըմբռնում և միասնություն,

հորդորում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին.

դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին,
ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց:

Միևնույն ժամանակ դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը»:   

Ամբողջական հայտարարությունը՝ ԵՊՀ պաշտոնական կայքում։

 

Placeholder