Եթե մարդը Վիկտոր Համբարձումյան է ծնվել, բանակի երկու տարին չի խանգարի նրան. քաղաքագետ
Քաղաքական
12:38 11/11/2017
Հայաստան

Եթե մարդը Վիկտոր Համբարձումյան է ծնվել, բանակի երկու տարին չի խանգարի նրան. քաղաքագետ

Առաջնագծում հարաբերական հանգիստ վիճակ է: Սահմանային գոտին հագեցվում է, փորձ է կուտակվում: Ապրիլյան պատերազմից հետո ինչ-որ գործ արվում է, և դա շատ լավ է: Lրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ անցած շաբաթ է վերադարձել սահմանից և կարող է փաստել, որ տղաների մարտական ոգին բավական բարձր է:

Անդրադառնալով տարկետման իրավունքի վերացման խնդրահարույց հարցին՝ բանախոսն ընդգծեց, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է, բոլորը պետք է բանակ գնան: Նախագիծը, սակայն, ըստ Շիրինյանի, լավ մշակված և հասարակությանը ընկալելի հրամցված չէ:

«Ես կողմ եմ տարկետման իրավունքի վերացմանը: Եթե մարդը Վիկտոր Համբարձումյան է ծնվել, նրան ոչ մի բան չի խանգարի գիտնական դառնալ՝ անգամ բանակի երկու տարին: Մենք պարտավոր ենք պաշտպանել պաշտպանության նախարարին, որպեսզի նա կարողանա արդիականացումը իջեցնել բանակ: Մեզ բանակը օդի նման է պետք»,- ասաց քաղաքագետը:

Ասուլիսի ավարտին Լևոն Շիրինյանն անդրադարձավ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման թեմային՝ նկատելով, որ հասարակության իրական պահանջն է կոմպլեմենտար քաղաքականություն իրականացնել՝ լավ հարաբերություններ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ: Հայաստանը պետք է պատրաստ լինի մանևրերի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արևմուտքում տիրող իրավիճակին՝ քաղաքագետը նկատեց, որ Եվրոպան ժողովրդավարության ճգնաժամ է ապրում. մերժում է ինքնորոշման իրավունքը և անկախությունների հանրաքվեները: Ասվածի թարմ օրինակը Կատալոնիայի անկախության հանրաքվեի նկատմամբ անհանդուրժողականությունն էր:

Placeholder
Եթե մարդը Վիկտոր Համբարձումյան է ծնվել, բանակի երկու տարին չի խանգարի նրան. քաղաքագետ