Ներդրումներ՝ առանց սակագնային բեռի ավելացման, 2500 նոր աշխատատեղ
Տնտեսություն
16:53 13/11/2017
Հայաստան

Ներդրումներ՝ առանց սակագնային բեռի ավելացման, 2500 նոր աշխատատեղ

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի հետ համատեղ պատրաստվում են առաջիկա տարիներին ավելի քան  1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Ինչպես այսօր Երևանում ներդրումային ծրագրի ներկայացման ժամանակ նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, ներդրումների ծրագրում ներառված է  երկու ուղղություն՝ էներգետիկայի արտադրության ոլորտ և բաշխիչ ցանցեր:

Ըստ Կարեն Դարբինյանի ՝ հիդրոէներգետիկայի ոլորտում կարևորագույն ներդրումը «Շնող» ՀԷԿ-ի կառուցումն է:

«Դեռևս 1970թ. մշակված և 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել: «Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հիդրոէլեկտրակայանի կառուցումը թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝  էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6%-ը:  Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար: Ծրագրում իր մասնակցությունը կունենան ամերիկյան «Ռոբբինս» ընկերությունը և Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան։

«Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում»,- ասաց Կարեն Դարբինյանը:

Նա նաև նշեց, որ առաջիկա տարիներին շուրջ 900 մլն դոլար կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերությունում էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցման և էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը: « Չնայած ընկերության  գրանցած ֆինանսատնտեսական էական հաջողություններին` ընկերության հիմնական միջոցները 85 և ավելի տոկոսով մաշվածություն ունեն, ինչն էլ որակական ցուցանիշների ծայրահեղ լարված վիճակ է ստեղծել։ Ուստի արդիականացման անհրաժեշտություն կա»,- ասաց  Կարեն Դարբինյանը՝ հավելելով, որ ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեցվեն միջազգային ստանդարտներին:

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահի խոսքով, ներդրումային ծրագրերը կազմելիս առաջնորդվել են մի շարք կարևոր սկզբունքներով: Առաջին սկզբունքը ներդրումների կատարումն է՝ առանց սակագնային բեռի ավելացման. «Սա Սամվել Կարապետյանի կողմից մեր առջև դրված առաջին պայմանն է, որին հետևել ենք մեր նախաձեռնությունների ընթացքում»:

Սկբունքներից են՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում առաջատար միջազգային ընկերությունների հետ համագործակցությամբ , երկարաժամկետ վարկերի ներգրավում՝ առանց պետական երաշխիքի, էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծում, նոր աշխատատեղերի ստեղծում, որը ենթադրում է՝ ներդրումային ծրագրի շրջանակումներում օգտագործվող սարքավորումների մոտ 80 տոկոսի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում:

«Ըստ նախնական գնահատականի՝ խոսքը գնում է մոտ 2500 նոր աշխատատեղի ստեղծման մասին»,- ասաց  Կարեն Դարբինյանը: 

Նշենք, որ ծրագրի ներկայացման ավարտին տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ-ի և ֆինանսական գործընկերների միջև:


 

 

Placeholder
Ներդրումներ՝ առանց սակագնային բեռի ավելացման, 2500 նոր աշխատատեղ