Կին ռեժիսորների ֆիլմերը մի քանի օր կներկայացվեն Երևանում
Մշակույթ
12:20 14/11/2017
Հայաստան

Կին ռեժիսորների ֆիլմերը մի քանի օր կներկայացվեն Երևանում

Այսօր երեկոյան Երևանում կմեկնարկի «Կին» փառատոնը, այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Փառատոնը 14-րդ անգամ է անցկացվում:

Միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կին ռեժիսորների պատրաստած ու փառատոնին ներկայացված 500 ֆիլմերից ընտրվել են 60-ը: Դրանք նկարահանված են տարբեր երկրներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Կորեայում, Մեքսիկայում, Կոսովոյում, Ավստրալիայում:

«Փառատոնի նպատակն է հարթակ տրամադրել կին ռեժիսորներին, աջակցել, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի լինի: Աշխարհը տեսնել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց աչքերով: Կին ռեժիսորներն առավել հաճախ են խնդիրներ ունենում, քան տղամարդիկ, սա մի առիթ է այդ ճանապարհը հարթելու համար»,-միջոցառման նպատակը ներկայացրեց տնօրենը:

Կին ռեժիսորների ֆիլմերի թեմաներն էլ տարբեր են՝ ներկայացված են նաև կանանց խնդիրները:

«Թեմաները բազմազան են, կանայք խոսում են պատերազմի մասին: Նրանք ազատ են թեմաների ընտրության հարցում, կարևորը ֆիլմի որակն է, գեղարվեստական արժեքը»,-ասաց նա:

Նա նկատել է, որ Հայաստանում ռեժիսուրայի ֆակուլտետներում  բարձրագույն կրթություն ստացողների մեծ մասն աղջիկներ են, սակայն նրանցից քչերն են հետո դառնում ռեժիսորներ:

Փառատոնի ժյուրիի անդամ Տատյանա Դանիելյանցը նշեց, որ փառատոնը լեզվի փնտրտուք է՝ մի կողմից փարձարարական աշխատանք, մյուս կողմից՝ նոր թեմաներ:

«Այն աշխատանքները, որոնցում նոր լեզուն հանդիպում է նոր թեմաների հետ, լինում են ֆավորիտները: Կարծում եմ, որ այս փառատոնում էլ շատ կլինեն նման ֆիլմեր»,-ասաց նա:

Placeholder
Կին ռեժիսորների ֆիլմերը մի քանի օր կներկայացվեն Երևանում