Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք ունենալու ենք եկամուտների աճ՝ ի հաշիվ հարկային հավաքագրումների. Արամյան
Ազգային ժողովում քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քննարկմանը ներկա են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և կառավարության այլ անդամներ:
«ԱԺ նիստում բյուջեի նախագծի ներկայացման համար մինչև 30 րոպե տևողությամբ ելույթով կարող են հանդես գալ կառավարության մինչև 3 ներկայացուցիչ»,- այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ շեշտելով, որ իրենց առջև խնդիր էին դրել արտաքին հատվածից ներթափանցող շոկերից հետո 2017-ին կայունացնել տնտեսությունը, ինչը, նախարարի խոսքով, կարծես թե ստացվում է. «Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի տնտեսական աճին միտված։ Մեզ պետք է 5 տոկոսանոց տնտեսական աճ սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման համար: Հանձնաժողովում քննարկումների ժամանակ բազմաթիվ քննադատություններ եղան, որ ներկայացվող բյուջեի հիմքում դրված չէ սոցիալական խնդիրների լուծման տեսլականը։ Մենք կարծում ենք՝ լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է։ Պետք է պայմաններ ստեղծվի այն մարդկանց համար, որոնք որ ունակ են աշխատելու և դուրս գալու անապահով վիճակից»։
Բյուջեի հիմքում ընկած մյուս կարևորագույն հարցը Արամյանի խոսքով՝ երկրի անվտանգության հարցն է. «Երբ խոսում ենք տնտեսական աճից, հասկանում ենք, որ այդ աճը պետք է լինի ներդրումներով, իսկ ներդրումներ լինում են այն երկրներում կամ միջավայրում, որտեղ կա կայունություն»։
Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ բյուջեի եկամուտների հիմնական բեռն ընկել է հարկերի վրա. «Մենք ունենալու ենք եկամուտների աճ՝ ի հաշիվ հարկային հավաքագրումների»։
Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ 2017-ի վերջին տնտեսական աճի ծրագրված ցուցանիշը կգերակատարեն. «Ամենայն հավանականությամբ 4-4,3 տոկոս աճ կունենանք տարեվերջին, իսկ 2018թ.-ի համար կանխատեսվում է 4,5 տոկոսի աճ, դրա համար արդյունաբերությունն ու ծառայությունները կլինեն նպաստող»։