Սուսերամարտ. Հայաստանն առանց առաջատարների պարտվեց Վրաստանին
Սպորտ
17:54 16/11/2017
Հայաստան

Սուսերամարտ. Հայաստանն առանց առաջատարների պարտվեց Վրաստանին

Նոյեմբերի 14-ին և 15-ին կայացել է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի թիմային բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաև Վրաստանի թիմը:

Խոցասուսեր զենքաձևում տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են վրացիները: Նրանք մեր տղաներին հաղթել են 45-37 հաշվով: Աղջիկների պայքարում ևս Վրաստանի թիմն ուժեղ է գտնվել: Հայ աղջիկները զիջել են մեկ խոցումի տարբերությամբ՝ 38-39:

Ճկասուսեր զենքաձևում տղաների մեջ առաջինը Վրաստանի թիմն է: Նրանք մերոնց հաղթել են մեծ առավելությամբ՝ 45-27: Աղջիկների պայքարում 45-41 հաշվով հաղթել  է Հայաստանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն ասաց, որ առաջնությանը չէին մասնակցում մեր առաջատար մարզիկները՝ Մայքլ Հովհաննիսյանն ու Էդուարդ Օվիկյանը, ինչը մեծապես ազդել է արդյունքների վրա.

«Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ սա շատ կարևոր մրցում էր և´ մարզիկների և´ մարզիչների համար: Տեսանք մեր սուսերամարտիկների ուժեղ և թույլ կողմերը: Արդյունքից իհարկե գոհ չենք: Պետք է հետևություն անենք և աշխատենք շտկել բոլոր թերությունները:

Վրաստանը ներկայացել էր մարտական կազմով: Նրանց ճկասուսերակիր տղաներից մեկն այս տարի Եվրոպայի առաջնությունում (Մ23) մրցանակակիր էր դարձել»,- ասաց Արտաշես Մադոյանը:

2018 թ. Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում, ապրիլի 15-20-ը:

Placeholder
Սուսերամարտ. Հայաստանն առանց առաջատարների պարտվեց Վրաստանին