Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլին
Սպորտ
16:16 16/11/2017
Հայաստան

Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլին

Այսօր Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում մեկնարկում  է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը (շվեյցարական մրցակարգ, ինը տուր):

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցաշարին մասնակցում է 18 գրոսմայստեր, այդ թվում Լևոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (ՌԴ), Անիշ Գիրին (Նիդեռլանդեր) և ուրիշներ:

Նոյեմբերի 15-ին կայացել է մրցաշարի բացման արարողությունը, իսկ այսօր կայանալիք առաջին տուրում Լևոն Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը և 22-25–ը: Նոյեմբերի 21–ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին:

«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով Ալեքսանդր Գրիշչուը երկրորդ հորիզոնականում է: Այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը(211.4)՝ եզրափակում է լավագույն հնգյակը:

Այժմ հայտնի է հավակնորդների մրցաշարի 4 մասնակցի անուն՝  Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

 

Placeholder
Լևոն Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլին