Մինչև տարեվերջ  շուկա կմտնեն հայկական արտադրության 4000 պլանշետներ և հեռախոսներ
Տնտեսություն
11:30 17/11/2017
Հայաստան

Մինչև տարեվերջ շուկա կմտնեն հայկական արտադրության 4000 պլանշետներ և հեռախոսներ

Մինչև տարեվերջ շուկայում կլինեն հայկական արտադրության  շուրջ 4000 պլանշետներ և հեռախոսներ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին  «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունից:

Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ Հայաստանում վերջին ամիսներին նվազել է հայկական արտադրության պլանշետների և հեռախոսների արտադրության ծավալը:

Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում Հայաստանում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով  68.4%-ով: 2016  թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 1 045  հատ բջջային հեռախոս:

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին  էլ արտադրվել  է 55 պլանշետ, ինչը 2016 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 96.5%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 1 585 հատ պլանշետ:

Panorama.am-ի՝ արտադրության ծավալների նվազման պատճառների մասին հարցին ի պատասխան, ընկերությունից հայտնեցին, որ իրականում ծավալները չեն նվազել, պարզապես գոյություն ունեն արտադրական փուլեր՝  սկիզբ և ավարտ:

«Հիմա մենք ցիկլի ավարտին ենք: Յուրաքանչյուր վեց ամիս նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, դրանք մինչև դառնում են արտադրություն, 1-1,5 տարի է պահանջվում», - նշեցին ընկերությունից:

Ըստ «Թի-Էս-Դի»-ի՝ 2016թ-ին, ընդհանուր առմամբ, արտադրվել և վաճառվել է շուրջ 4000 սարքավորում (հեռախոս և պլանշետ), իսկ 2017թ-ին  արտադրվել և վաճառվել է մոտ 1500 սարքավորում, մինչև տարեվերջ շուկա դուրս կգան ևս շուրջ 4000 սարքավորումներ:

Հարցին, թե արդյոք կան որակական խնդիրներ, սպառողներից բողոքներ ստացել են, թե՞ ոչ, ընկերությունից նշեցին, որ բողոքներ, որպես այդպիսին, չեն ստացել. «Ավելի հաճախ մեզ դիմում են հարցադրումով, թե երբ ենք նոր մոդելներ ունենալու: Ամանորի նախաշեմին  շուկայում կհայտնվեն  նոր մոդելներ»:

Ինչ վերաբերում է «Թի-Էս-Դի»-ի և պետության համագործակցությանը, ապա, ըստ ընկերության,  արդեն երրորդ տարին համատեղ իրականացվում է «Մեկ երեխա, մեկ համակարգիչ» փուլային ծրագիրը, ըստ որի՝ բոլոր առաջին դասարանցիներին պետք է անհատույց տրվի «Արմթաբ» հայկական արտադրության պլանշետ: Այս փուլն ընդգրկում է 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. և փորձնականորեն սկսել է կիրառվել Վայոց Ձորի մարզում:

«Նոյեմբերի վերջին ծրագրի շրջանակներում կարտահանվի  ևս  500 պլանշետ:  Սպասվում է նոր  համագործակցություն, սակայն բոլոր փակագծերը այս պահին բացել չենք կարող»,- հայտնեցին «Թի-Էս-Դի»-ից:

Նշենք, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը ազատ տնտեսական գոտում է: Վերոնշյալ թվերը վերաբերում են արտադրմանն ու վաճառքին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա  հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:

Placeholder
Մինչև տարեվերջ շուկա կմտնեն հայկական արտադրության 4000 պլանշետներ և հեռախոսներ