Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ
Առողջություն
16:21 21/11/2017
Հայաստան

Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ

Շուրջ տասը տարի առաջ, «BirthLink» ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են գործակցել Հայաստանում նորածնային մահացության դեպքերը կրճատելու ուղղությամբ: Այսօր արդեն, «BirthLink»-ն արձանագրում է, որ Հայաստանում նեոնատալ բժշկությունը զարգացնելու՝ գործընկեր կառույցների գերակա նպատակն իրականացել է. տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում ծրագրի երկարաժամկետ արդյունքը: Կազմակերպությունն այդ ամենը համարում է ոչ միայն նորագույն սարքավորումների կիրառման, այլև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած երկարաժամկետ պարտավորության արդյունք:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ Կապանի բժշկական կենտրոնում, օրինակ, այս տարի նեոնատալ խնամք է ստացել և լիարժեք ապաքինվել է 9 նորածին: Նեոնատոլոգ Սերգեյ Գասպարյանն անչափ կարևոր է համարել նորագույն տեխնոլոգիաներով նեոնատալ և նորածնային բաժանմունքների վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացը: Նրա գնահատմամբ գոհունակության ցուցանիշը փրկված երեխաներն են, որոնցից շատերն արդեն մեծ են և ապրում են ակտիվ, առողջ կյանքով: Ծրագրի կարևորությունը բարձր են գնահատել նաև բուժանձնակազմի հոգատարությամբ և սարքավորումների շնորհիվ փրկված երեխաների ծնողները: 

2008թ.-ին մեկնարկած գործակցության ծրագրով նորագույն սարքավորումներով վերազինվել է տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործող նորածնային 43 բաժանմունք: Ծրագրի հաջողությունն ապահովելու նպատակով՝ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել  նեոնատալ և նորածնային այդ բաժանմունքներին: Մասնագիտացված խնամքի և անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ՝ Հայաստանի հեռավոր մարզերում կրճատվել է նորածնային մահացության և հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Ոչ ինվազիվ շնչառական խնամքի համար կիրառվում են բուժական ժամանակակից մեթոդներ, որոնք ազդում են ծննդաբերության ժամանակ թոքերի հիվանդությամբ տառապող երեխաների վրա:

Աղբյուրը գրում է, որ նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը կարևոր մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Խոցելի ժամանակահատվածում նորածիններին որակյալ բուժօգնության ապահովումը մեր երկրում հասանելի է դարձել 2008 թվականից:

Placeholder
Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել. ՎիվաՍել-ՄՏՍ