«Եվ-և»-ը կայացել է. Աշոտյան
Քաղաքական
13:14 27/11/2017
Հայաստան

«Եվ-և»-ը կայացել է. Աշոտյան

« «ԵԼՔ»-ի մեր գործընկներն ասում են՝ եկեք դուրս գանք վերազգային տնտեսական այս միությունից և այդ հիմնավորման համար բերում են երեք տեսակի փաստարկներ՝ տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական»,-  այսօր ԱԺ-ում Հայաստանի մասով ԵԱՏՄ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հարակից զեկուցող ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Պատգամավորը համաձայնեց, որ ակնհայտ է՝ միությունը միայն տնտեսական չէ և առանձնացրեց բերված քաղաքական փաստարկներից Հայաստանի համար ամենակարևոր՝ արցախյան հակամարտության հարցը: 

«Նշվում է թե ԵԱՏՄ միշտ չէ, որ հայանպաստ քվեարկություն է անում։  Այո, ոչ բոլորն են հայանպաստ, օրինակ՝  Բելառուսը, Ղազախստանը, բայց հիշենք, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ և նրա տնտեսության շուրջ, հետևաբար պետք է այս հակափաստարկը ֆիքսել և գնալ առաջ։ Հիշել, որ արցախյան հակամարտության կարգավորման դերակատարներից մեկը ՌԴ-ն է՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, իսկ այս պետության կեցվածքը Արցախի հարցում լուծման գործում որևէ մեկին կասկած չի հարուցում, հիշեցնեմ Լավրովի այցը և հայտարարությունները, այսինքն՝ ՌԴ-ն խաղում է և խաղալու է կարևոր հանգուցային դեր այս հարցում։ Կապել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն  արցախյան հակամարտության հետ այդքան էլ ճիշտ չէ»,- հայտարարեց Աշոտյանը։

Անդրադառնալով մյուս քաղաքական փաստարկին, թե Հայաստանը դառնալով ԵԱՏՄ անդամ դուրս է մնում միջազգային քաղաքական անցուդարձից, պատգամավորը նշեց, որ ցանկացած տնտեսական միավորում  ունի քաղաքական բաղադրիչ, ինչպես ԵՄ-ն, որը թեև ստեղծվել է որպես բացառապես տնտեսական միություն, այսօր կամաց-կամաց վերածվում է քաղաքական միավորումների, նաև անվտանգության հարցը ներառելով: 

Աշոտյանի կարծիքով՝ քաղաքական տեսակետից ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։

«Ցանկացած անդամություն ցանկացած վերազգային կառույցի բերում է պարտավորություններ, որոնք կարող եք կոչել ինքնիշխանության սահմանափակում, փոխանցում կամ ինչ ուզում եք։ Զուգահեռներ տանելով ԵՄ և ԵԱՏՄ միջև, ապա ակնհայտ է, որ ԵՄ անդամ երկրները շատ ավելի մեծ սուվերեն իրավունքներ են պատվիրակել Բրյուսելին։ Այսինքն նորմալ է, որ որևէ պետություն անդամակցելով որևէ վերազգային կառույցի, որոշակի լիազորություններ հանձնում է այդ կառույցին՝ ստանալով այլ արտոնություններ»,- ասաց հարակից զեկուցողը։

Աշոտյանը համաձայնեց այն հայտարարություններին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դոլարային համարժեքով Հայաստանի ՀՆԱ-ն ընկել է, բայց, նրա խոսքով,  էլ ավելի շատ է ընկել ՀՆԱ-ն այն երկրների, որոնք ստորագրել են Եվրոպական ասոցացման համաձայնագիրը, այդ թվում Ուկրաինայի, Վրաստանի։

«Սա բացառապես դոլարի փոխարժեքի խնդիր է, ոչ թե տնտեսության հետընթացի։ Արտահանման և ներմուծման թվերի հետ կապված՝ կթողնեմ տնտեագետներին, բայց ասեմ՝ ցանկացած ասոցացման գործընթաց պահանջում է ինստիտուցիոնալ կայացում։ ԵՄ-ն առ այսօր կայացնում է իր ինստիտուտները, եթե ԵՄ-ն, որ ունի  շուրջ 60 տարվա պատմություն, դեռ կայացնում է ինստիտուտները, ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն  երկուսուկես տարվա մեջ պիտի հաղթահարի այդ դժվարությունները: Հա՞րթ է ամեն ինչ ԵԱՏՄ-ում, ոչ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում, ոչ»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Աշոտյանի խոսքով՝ ռազմական բաղադրիչի հիմնավորումները, որ Հայաստանն անվտանգության առումով չի շահել ԵԱՏՄ-ին անդամակցելով, ևս միակողմանի են ներկայացված:

Ինչ վերաբերում է Մարուքյանի հայտարարությանը, թե իշխանությունների խոստացված «և-և»-ը չի կայացել, Աշոտյանն ասաց՝ կայացել է, պարզաբանելով. «Դրա տակ դրված չէր ազատ առևտրի գոտի ունենալու հանգամանքը, դրա տակ դրված էր աշխարհաքաղաքական հանգամանքը։  «ԵԼՔ»-ը խորհրդարանում ներկայանում է որպես արևմտամետ ուժ: Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերների ազնիվ մղումը՝ դիրքավորվելով այս դաշտում որպես այդպիսին»,-եզրափակեց նա:

Նիստը վարող, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ուզում եմ հռետորական հարց հնչեցնել, արդյոք պարոն Աշոտյանի վերջին դիրքորոշումը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն պրողազախական դիրքորոշում է որդեգրել»:

 

Placeholder
«Եվ-և»-ը կայացել է. Աշոտյան