Ջրարբիի դպրոցը հաջորդ շաբաթվանից լոկալ ջեռուցում կունենա
Կրթություն, գիտություն
18:39 27/11/2017
Հայաստան

Ջրարբիի դպրոցը հաջորդ շաբաթվանից լոկալ ջեռուցում կունենա

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում երեխաների դասադուլի ու ծնողների անցկացրած բողոքի ակցիայի դրական արդյունքներն արդեն տեսանելի են, շուտով գյուղի դպրոցը լոկալ ջեռուցում կունենա։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ գյուղի բնակիչները հավաքվել էին դպրոցի բակում և  բողոքում են դպրոցի անմխիթար վիճակից։ Գյուղացիների հետ զրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոստացել էր 10 օրվա ընթացքում փոխել գյուղի դպրոցի պատուհաններն ու ապահովել ջեռուցումը։

Panorama.am-ի հետ զրույցում Ջրարբիի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանն ասաց, որ այս պահին ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներ են կատարվում դպրոցում։

«Մարզպետ Ղահրամանյանն իր խոստումը կատարեց։ Տասն օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն։ Բանվորներն աշխատում են առանց շաբաթ-կիրակիի, որ հասցնեն։ Հիմա դպրոցը ջեռուցվում է հեղուկ վառելանյութով»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ դասապրոցեսը նորմալ ընթանում է։

Նարեկ Զաքարյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի կլուծվի նաև դպրոցի վերանորոգման հարցը։
 

Placeholder