Մինչև 2018 թվականի վերջ ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ
Տնտեսություն
12:53 30/11/2017
Հայաստան

Մինչև 2018 թվականի վերջ ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով ՀՀ մատակարարվող բնական գազի գինը հաջորդ տարվա համար մնում է անփոփոխ:

Ասպիսով, բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ մետրի համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, որ եթե նախորդ տարի կառավարությունը սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների համար գազի գնի հետ կապված սահմանել էր դիֆերենցված մոտեցում, ապա արդյոք դրա հետ կապված 2018-ին փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կա, որպեսզի այդ մոտեցումը շարունակի մնալ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ նազարյանը նշեց, որ որևէ բան փոխելու անհրաժեշտություն չկա և սահմանված արտոնյալ սակագները կպահպանվեն:

 

Placeholder
Մինչև 2018 թվականի վերջ ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ