2018 թվականի պետբյուջեի նախագծով ծախսային մասն ավելանում է շուրջ 15 մլրդ դրամով
Տնտեսություն
14:07 30/11/2017
Հայաստան

2018 թվականի պետբյուջեի նախագծով ծախսային մասն ավելանում է շուրջ 15 մլրդ դրամով

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ  2018 թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում քննարկման արդյունքներով պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, 2018 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսային մասն ավելանում է շուրջ 15 մլրդ դրամով:
Ծախսային մասը մեծացնելու առաջին բաղադրիչը կապված է փոխարժեքի փոփոխությամբ, մասնավորապես, սեպտեմբերի համեմատ փոխարժեքը 5 դրամով ավելացել է:

Ըստ Վարդան Արամյանի՝ 15 մլրդ դրամից 1 մլրդը նախատեսվում է հատկացնել «Հայաստան» զորախմբին, որը  բխում է սահմանային անվտանգության ապահովումից և միջազգային պարտավորություններից: 

Բացի այդ, 1 մլրդ 289 մլն դրամ կուղղվի ջրի սակագնի սուբսիդավորմանը, որպեսզի 11 դրամի բարձրացումը գալիք տարվա ընթացքում բնակչությունն իր վրա չկրի: 1,7 մլրդ դրամ էլ կհատկացվի կառավարության աշխատակազմին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: 4 մլրդ դրամով էլ, ըստ նախարարի, ավելացվում է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը, նույնքան էլ՝ կառավարության պահուստային ֆոնդը: 

Ընդհանուր առմամբ, ըստ Վարդան Արամյանի,  ԱԺ պատգամավորներից պետական բյուջեի նախագծի հետ կապված ստացվել են 100-ից ավելի առաջարկներ:

«Կան շատ առաջարկներ, որոնք անհասցե են, ուստի դժվարանում ենք որևէ ֆինանսավորում նախատեսել: Եղել են նաև առաջարկներ այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնելու վերաբերյալ: Ներկայացվել են մի շարք ակտուալ առաջարկներ ևս, բայց մենք պետք է հաշվի առնենք բյուջեի սահմանափակ լինելը»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:

Placeholder
2018 թվականի պետբյուջեի նախագծով ծախսային մասն ավելանում է շուրջ 15 մլրդ դրամով