Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան
Մշակույթ
19:30 01/12/2017
Հայաստան

Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նախօրեին տեղի է ունեցել Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յար» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ այս ստեղծագործությունը ներկայացրել են Համբուրգի պետական օպերայի մենակատար Վլադիմիր Բայկովը (բաս) և Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)։

ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Բայկովը նշել է, որ մինչ այս սիմֆոնիայից միայն հատվածներ է կատարել։ Հայաստանում նա «Բաբի Յար»-ն ամբողջությամբ կատարում է առաջին անգամ։

Սա Բայկովի երկրորդ բեմելն է եղել Երևանում, առաջին անգամ նա մեր երկրում հանդես է եկել մոտ 15 տարի առաջ՝ Արաքս Դավթյանի հետ ներկայացնելով Շոստակովիչի 14-րդ սիմֆոնիան։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է սիմֆոնիայի բովանդակությունը։ Նա հույս է հայտնել, որ իրենք կարողացան ունկնդրին փոխանցել այն բոլոր ուղերձները, ասելիքը, որ Շոստակովիչն ու Եվտուշենկոն ամփոփել էին իրենց ստեղծագործությունների գաղափարական բովանդակության մեջ։

Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Placeholder
Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան