Չենք ժխտում աղքատության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները. Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
16:11 05/12/2017
Հայաստան

Չենք ժխտում աղքատության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները. Վահրամ Բաղդասարյան

ՀՀ իշխանությունները չեն ժխտում աղքատության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները և ջանում են անել ամեն ինչ՝ հաղթահարելու ստեղծված իրավիճակը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այն ծրագրային դրույթների ուղղությամբ, որոնք սահմանված են աղքատության կրճատման նպատակով, պետք է լուրջ աշխատանքներ տարվեն:

«Կառավարության աշխատաքները միտված են դրան»,- շեշտեց իշխանական գործիչը:

Անդրադառնալով արտագաղթի՝ գնալով աճող ծավալներին՝ քաղաքական գործիչը հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ կա՞ն երկրներ, որտեղից մարդիկ չեն արտագաղթում:

«Խնդրում եմ նայել Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտագաղթի ծավալները: Իհարկե, մենք արտագաղթի հետ կապված խնդիրներ ունենք, սակայն այն տեմպերը, որոնց մասին խոսվում է, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանից հիմնականում արտագաղթում են աշխատանքային միգրանտները, որոնք այնուհետ վերադառնում են հայրենիք:

Վահրամ Բաղդասարյանը խնդրեց ստեղծված իրավիճակի համար մեղավորներ չփնտրել:

«Դանդաղ տեմպերը դեռ չեն նշանակում ձախողել: Կառավարությունը հենց ինքն ընդունեց, որ վիճակի բարելավման տեմպերը բավականի դանդաղ են ընթանում: Բնականաբար մենք այդ տեմպերից գոհ չէինք և գնացինքն կառավարության փոփոխման քայլին»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Անդրադառնալով իր ընտանիքին պատկանող բիզնեսների վիճակին՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ գործերը նորմալ են ընթանում, բողոքելու տեղ չունեն: ,Եկամուտների ավելացումներ չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտանիքի բիզնեսները գտնվում են ոչ թե Երևանում, այլ Վանաձորում:

Placeholder
Չենք ժխտում աղքատության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալները. Վահրամ Բաղդասարյան