5.1 մլրդ դրամի արտահանում և 1.5 մլրդ-ի ներդրումային ծրագրեր. ՀԶՀ-ն ամփոփում է տարին
Տնտեսություն
12:35 05/12/2017
Հայաստան

5.1 մլրդ դրամի արտահանում և 1.5 մլրդ-ի ներդրումային ծրագրեր. ՀԶՀ-ն ամփոփում է տարին

Հայաստանի զարգացման հիմնադրամը 2017 թվականին բազմապատկել կամ բարելավել է գործունեության հիմնական արդյունքները: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով` այս տարի հիմնադրամում երեք գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել: Նախ, ըստ նրա, փոփոխվել է ՀԶՀ մանդատը` ընդհանուր զարգացման հիմնադրամից դառնալով բիզնեսին ուղղված կառույց: Բացի այդ, ՀԶՀ գործառույթներից հանվել է տուրիզմի զարգացման բաղադրիչը, ՀԶՀ ծառայությունների ցանկը համալրվել է նախագծային հարթակով և հետսպասարկման ծառայությունով: Ա. Ավակյանը նշեց նաև, որ նոր մանդատին համահունչ, փոփոխվել է հիմնադրամի կառուցվածքը:

Ըստ նրա` այս տարի Հիմնադրամի աջակցությամբ սննդաարդյունաբերության, ոսկերչության, թեթև արդյունաբերության, կոշիկի արտադրության, գինեգործության և այլ ոլորտների շուրջ 70 ընկերություն մասնակցել են միջազգային ցուցահանդեսների: Արդյունքում, ըստ Հիմնադրամի տնօրենի, օտարերկրյա մեծածախ գնորդների ու մատակարարների հետ կնքվել են 5.1  մլրդ դրամի արտահանման պայմանագրեր, իսկ «WorldFood Moskow 2017»-ում Հայաստանի տաղավարը լավագույնն է ճանաչվել: 

Անդրադառնալով ՀԶՀ կառուցվածքում ստեղծված Հետներդրումային սպասարկման թիմի գործունեությանը` Արմեն Ավակ Ավակյանն ասաց, որ թիմը հասցեականորեն հարթել է 8 օտարերկրյա և տեղական ներդրողների գործում  ծագած խնդիրներ: Տարվա ընթացքում 3.2 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել, շուրջ 124,5 մլն դոլարի ներդրում կամ ներդրումների  ընդլայնում էլ սկզբնական փուլում է: Բացի այդ, արդեն մշակված և փաթեթավորված են 1.5 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:

Հիմնադրամի տնօրենը նաև հայտնեց, որ 2017 թվականին ստեղծել են պաշտոնական ներկայացուցիչների ցանց` կազմված պետության կողմից չվճարվող անհատներից: Նրանց միջոցով, ըստ Ավակյանի, ՀԶՀ-ն արտահանման և ներդրումների ներգրավման աշխատանքներ է տանում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, եվրոպական երկրներում:

«Հիմնադրամը ներկայումս մշակում է նրանց արտահանման պատվերները` ներքին արտադրողների շրջանում համապատասխան խմբաքանակներ ապահովելու նպատակով»,- ընդգծեց Հիմնադրամի տնօրենը:

Placeholder
5.1 մլրդ դրամի արտահանում և 1.5 մլրդ-ի ներդրումային ծրագրեր. ՀԶՀ-ն ամփոփում է տարին