Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան. Փաշինյան
«Կարող ենք միանշանակ ասել՝ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի, ինչն ընդունում է նաև կառավարությունը»,- այսօր խորհրդարանում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկմանն իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գալիք տարում սպասվում են օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճ, ատամի մածուկի և այլ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ:
«Կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորը արհամարհանք է ցուցաբերում, նկատի ունենալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատգամը, ով ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որ ճգնաժամը չգա: Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան: Սա պլատոնական արհամարհանք չէ, այլ շատ կոնկրետ։ Բայց եկեք ծուռը նստենք, ուղիղ խոսենք, եթե նայում ենք այս կառավարության, խորհրդարանական մեծամասնության իշխանության ծագումնաբանությունը, սա շատ տրամաբանական վիճակ է»,- ասաց Փաշինյանը։
Պատգամավորն ասաց, որ չի հասկանում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, քաղաքացիների հետ ինչի չե՞ն հանդիպում. «Մեզ բռնում են, ասում՝ ինչո՞ւ թոշակները չեք բարձրացնում, երկիրը ինչի՞ երկիր չեք սարքում: ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում շատ պարզ պատճառով, որովհետև դուք 10 հազար դրամը վերցրել եք ու քվեարկել եք հանուն աղքատության, հիմա վայելեք»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։