Ցեղասպանության ճանաչման հարցով վրացական խորհրդարանին դիմելը ուշացած է. Շիրակ Թորոսյան
Քաղաքական
14:15 06/12/2017
Տարածաշրջան

Ցեղասպանության ճանաչման հարցով վրացական խորհրդարանին դիմելը ուշացած է. Շիրակ Թորոսյան

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը դրական է գնահատում Ախալքալաքի շրջանային ժողովի մի շարք հայազգի պատգամավորների նախաձեռնությունը՝ Վրաստանի խորհրդարանին խնդրել ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը:

Նա հատկանշական համարեց, որ Ախալքալաքի Սակրեբուլոն նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև 2006-2007 թվականներին: Այն ժամանակ, սակայն, շրջանի պատասխանատուները ջանք չէին խնայել, որպեսզի տապալեն որոշման նախագիծը, և այն Թիֆլիս չհասնի:

«Գործընթացը կոծկվել էր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեց պատգամավորը:

Շիրակ Թորոսյանն ափսոսանք հայտնեց, որ նախաձեռնության այսօրվա հեղինակ-ակտիվիստներից մի քանիսն այն ժամանակ Ախալքալաքի շրջանային ժողովի անդամներ էին և հանդես էին գալիս որպես Ցեղասպանության ճանաչման նախաձեռնության խոչընդոտողներ:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով վրացական խորհրդարանին դիմելն անգամ շատ ուշացած է: Ախալքալաքի Սակրեբուլոն նման նախաձեռնությամբ պետք է ավելի վաղ հանդես եկած լիներ»,- նշեց հանրապետական պատգամավորը:

Շիրակ Թորոսյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ մունիցիպալ իշխանությունը կոչված է բացառապես համայնքային խնդիրներ լուծելու համար, և չպետք է Ցեղասպանության ճանաչման հարց բարձրացնի: 

«Ախալքալաքի շրջանային ժողովը, ամեն ինչից զատ, ջավախքահայության հոգևոր, ազգային, քաղաքական պատկերացումները ներկայացնող մարմին է: Եթե այսինչ քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մենք  շոյվում ենք: Ի վերջո, քաղաքային խորհուրդները քաղաքական մարմիններ են, որովհետև ձևավորվում են ընտրությունների միջոցով»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջում Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ վրացական իշխանությունները Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու առումով բավականին դժվար կացության մեջ են:

«Զուտ բարոյական չափորոշիչը հաշվի առնելով՝ Վրաստանը պետք է արձագանքի այս հարցին, սակայն քաղաքականությունը ոչ միշտ է բարոյականությամբ առաջնորդվում: Քաղաքականությունն առաջնորդվում է այդրոպեական շահերով: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի սերտ հարաբերությունները այս առումով դժվարություններ են հարուցում: Բայց կարծում եմ՝ վրացական իշխանությունները պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ որևէ կերպ արձագանքելու խնդրին, ազդակ տալու, որ ցավ են ապրում»,- ամփոփեց պատգամավորը:

Placeholder
Ցեղասպանության ճանաչման հարցով վրացական խորհրդարանին դիմելը ուշացած է. Շիրակ Թորոսյան