Որոշ համայնքապետեր իսկապես չարաշահել են իրենց դիրքերը և պետք է պատասխան տան. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
12:00 11/12/2017
Հայաստան

Որոշ համայնքապետեր իսկապես չարաշահել են իրենց դիրքերը և պետք է պատասխան տան. Արմեն Ռուստամյան

Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է ստացվել, որ պետական բյուջեի փողերը մսխած շատ համայնքապետեր չեն պատժվել և շարունակում են մնալ ազատության մեջ։ ԶԼՄ ներկայացուցիչները հատկապես ուշադրություն հրավիրեցին այն  հանգամանքի վրա, որ ՀՀ նախագահն իր ելույթում վերջնաժամկետ է  ներկայացրել Նոր տարին՝ նշելով, որ Նոր տարուց հետո այլևս ներում չի լինելու։

Պատգամավորն ի պատասխան նկատեց, որ երկրի ղեկավարը ըստ գործող կարգի ունի լիազորություններ՝ հետևելու երկրում բոլոր մակարդակներով ընթացող գործընթացներին։

«Դա իր սահմանադրական լիազորությունների  մեջ է։ Կարծում եմ՝ նրա հորդորն ուղղված է դրան, որ ժամանակ առ ժամանակ բոլորը ձգված աշխատեն։ Ինչ մնում է  համայնքապետերի գործունեության վերահսկմանը, նոր Սահմանադրությունն ավելի է  ընդլայնելու այդ մեխանիզմները, մեծացվելու է համայնքապետերի պատասխանատվությունը։ Ես չեմ բացառում, որ տարբեր համայնքների համայնքապետեր չարաշահել են իրենց դիրքերը։ Նախագահի հայտարարություններն այդ ուղղությամբ եմ տեսնում և վստահ եմ, որ պետք է գործեն մեխանիզմներ, որոնք պետք է բացառեն նման երևույթները»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ կառավարման բուրգում սխալներ կան և այժմ փորձ է արվում շտկել սխալները։

Հարցին՝ ինչո՞ւ մինչ այժմ չկան պետական միջոցները մսխած ազատազրկված համայնքապետեր և արդյոք բավարար է երկրի ղեկավարի գնահատականը «Ամոթ է», ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀ նախագահը քրեական գործեր հարուցելու իրավունք չունի, բայց հայտարարել, որ նման երևույթ գոյություն ունի և ամոթ է, բնականոն է։

«Պետք է գործեն հստակ մեխանիզմներ, պետք է համակարգված պայքար տարվի, համայնքապետերն էլ պետք է զգան այն վերահսկողությունը, որ նույն Սահմանադրությամբ գործելու է։ Մարդիկ պետք է իմանան, որ պետք է պատասխան տան»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վաղուց պետք է հետևողական վերաբերմունք ցուցաբերեր երկրի ղեկավարի կողմից հնչած խոսքերին և խախտումներ թույլ տված համայնքապետերի նկատմամբ համապատասխան իրավական գործողություններ իրականացներ։

ՀՅԴ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ապրիլ ամսից երկրում բոլորովին այլ ուշադրության դաշտ է ձևավորվելու։

Նրա խոսքով, այո, եղել են չարաշահումներ թույլ տված մարդիկ, որ չեն բռնվել, Հայաստանում ցավալիորեն լիարժեք արդարադատություն չի իրականացվել։

«Կառավարման նոր համակարգի պայմաններում դատական իշխանությունը լինելու է բոլորովին անկախ, չի ղեկավարվելու մեկ կենտրոնից, կոլեգիալ ղեկավարում է լինելու։ Գործող համակարգն ինքն իր մեջ թաքցնելու լավ մեխանիզմներ է ձևավորել, վերահսկման համակարգ Հայաստանում լիարժեքորեն չի հաստատվել։ Երկրում արդարադատության իրականացումը չպետք է անձից կախված լինի։ Որևէ մեկը չպետք է կարողանա պատսպարվել և խուսափել պատասխանատվությունից»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

Անդրադառնոլով ընտրությունների թեմային՝ ՀՅԴ անդամն ընդգծեց՝ կեղծիքներ միշտ էլ եղել են։ Սակայն վերջին ընտրություններին կեղծիքները բացառվել են, միակ թերությունը եղել է ընտրակաշառքը։

«Բայց այս հարցում պայքարելու ենք բոլորի դեմ։ Մարդիկ գայթակղվել են, իրենց քվեն վաճառել և չեն հասկացել, որ իրենց քվեն իսկապես ուժ է։ Ընտրակաշառք վերցնողին պետք է բացատրվի, որ դրանով իր երեխաների ապագան է վաճառում, որ գումար վերցնելը ևս հանցագործություն է, իսկ ընտրակաշառք բաժանողի ձեռքն էլ պետք է բռնվի։ Եթե ընտրողը հասկանա, որ ընտրությունից բան է կախված, չի գնա 50-10 հազար դրամ կաշառք վերցնելուն»,- համոզմունք հայտնեց խորհրդարանականը։

Արմեն Ռուստամյանը շեշտեց նաև, որ Հայաստան-Եմ համաձայնագիրն ապահովելու է սկսածը թղթի վրա չմնալուն, մեխանիզմներ ստեղծելուն, որ մարդիկ հասկանան՝ Հայաստանում այլ իրավիճակ է ստեղծվել։

Placeholder
Որոշ համայնքապետեր իսկապես չարաշահել են իրենց դիրքերը և պետք է պատասխան տան. Արմեն Ռուստամյան