Իմ էրեխեքին դասեր եմ տալիս՝ ոնց բիզնես անեն. Սամվել Ալեքսանյան
Քաղաքական
12:35 12/12/2017
Հայաստան

Իմ էրեխեքին դասեր եմ տալիս՝ ոնց բիզնես անեն. Սամվել Ալեքսանյան

Աղքատության ցուցանիշը քիչ-քիչ պակասում է: Դրա համար աշխատատեղեր ենք ստեղծում: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով թանկացումների թեմային:

«Դե հիմա արեք, տեսեք՝ ինչքան մարդ ա աշխատում: Երկիրը շատ լավ կառավարվում ա: Արեք, նայեք՝ ինչքան աշխատատեղ ա ստեղծվում: Չեք ուզում գաք, նայեք: Լիքը տեղեր կա, որ լիքը աշխատատեղեր ա բացվում: Օրինակ, իմ աղջկա բիզնեսը: Որ ուզենաս, դու էլ կդնես, ազիզ ջան, 100 տոկոսով»,- լրագրողներից մեկին համոզեց Ալեքսանյանը: 

Իսկ ինչո՞ւ ՀՀ շարքային քաղաքացիները չեն կարողանում բիզնես սկսել, հարցրեցին պատգամավորին:

«Որովհետև իմ դասերին չեն մասնակցում: Իմ էրեխեքին դասեր եմ տալիս՝ ոնց բիզնես անեն: Բիզնեսի դասեր եմ տալիս: Ես բիզնեսի հետ կապ չունեմ, ես խորհուրդ եմ տալի իմ էրեխեքին: Էտի բնածինա, ազիզ»,- իր հմտություններով կիսվեց Սամվել Ալեքսանյանը:

Հարցին՝ արդյոք երկրի վիճակը չի մտահոգում իրեն, խորհրդարանականը պատասխանեց. «Ինձ ամեն ինչն էլ անհանգստացնում ա: Ամեն ինչ անում ենք, որ աշխատատեղ ստեղծենք, մեր ժողովուրդը աշխատեն, ապրեն, երկրից էլ դուրս չգնան»:

Ինչ վերաբերում է համայնքային բյուջեն մսխած գյուղապետերին, որոնց մասին նախօրեին բարձրաձայնել էր երկրի ղեկավարը, Սամվել Ալեքսանյանը նշեց՝ եթե նախագահն ասում է, ուրեմն մի բան գիտի:

«Մեր նախագահն ինչ ասում ա, ճիշտ ա ասում: Կարող ա գող համայնքապետերը պատժվել են, դուք տեղյակ չեք»,- ասաց նա:

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչու է միջանցքում և ԱԺ նիստին չի մասնակցում:

«Ովա ասում՝ չեմ մասնակցում: Հիմա էկա, խոսալու բան ունեմ մեր հարազատների հետ»,- ասաց նա:

Իսկ երբ լսեց, որ ԱԺ նախագահը պատգամավորներին քվեարկության է հրավիրում, վազելով շտապեց նիստերի դահլիճ: «Արա քվեարկություն ա, արա հլը կայնեք»։

Placeholder
Իմ էրեխեքին դասեր եմ տալիս՝ ոնց բիզնես անեն. Սամվել Ալեքսանյան